
Հայիթիի նախագահի սպանության կասկածյալները մեկ ամիս քննարկել են իրենց պլանները. NYT

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության գլխավոր կասկածյալներից մի քանիսը դեռ մի քանի ամիս առաջ են քննարկել նրան իշխանությունից հեռացնելու պլանները: Այս մասին հինգշաբթի հաղորդել է The New York Times-ը՝ վկայակոչելով Հայիթիի ոստիկանության եւ Կոլումբիայի անվտանգության աշխատակիցներին, ովքեր հետաքննում են հանցագործությունը, ինչպես նաեւ՝ քննարկումների մասնակիցներին:
Վերջին մեկ տարվա ընթացքում այդ հանդիպումներն անցկացվում էին Ֆլորիդայում եւ Հայիթիի հարեւան Դոմինիկյան Հանրապետությունում: Ճիշտ է, դրանց մասնակիցները պնդում են, որ խոսքը ոչ թե նախագահի սպանության, այլ նրան իշխանությունից հեռացման մասին էր: Մոիզի դեմ դավադրության շատ հանգամանքներ դեռ առեղծված են մնում, նշում է թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հայիթիի ոստիկանությունը քիչ տեղեկություններ է հաղորդել : Իսկ ամերիկացի եւ կոլումբիացի պաշտոնյաներն ասել են, որ Հայիթիի մայրաքաղաքում իրենց ներկայացուցիչները չեն կարող խոսել ձերբակալվածների մեծ մասի հետ, եւ նրանք ստիպված են ապավինել Հայիթիի իշխանությունների տվյալներին»,- գրում է պարբերականը:
Թերթի թղթակիցները զրուցել են Կոլումբիայի նախկին զինվորականների հարազատների հետ, ովքեր մասնակցել են Հայիթիի նախագահի նստավայրի վրա հարձակմանը: Ըստ նրանց՝ Հայիթի մեկնել ցանկացողներին հավաքողն ասել է, որ խոսքն այդ երկրում «կարեւոր դեմքերի պաշտպանության» օպերացիայի մասին է, որն աջակցվում է ինչ-որ ամերիկյան ընկերության կողմից, եւ խոստացել կոլումբիացիներին վճարել մասնակցության համար: Որոշ դեպքերում նա պնդել է, որ օպերացիային աջակցում է ԱՄՆ կառավարությունը:
Հայիթիի իշխանությունները բերման են ենթարկել կոլումբիացի 18 նախկին կոմանդոսի: Ընդհանուր առմամբ, ըստ իշխանությունների, Մոիզի սպանության փորձ կատարած խմբում ընդգրկված է եղել Կոլումբիայի առնվազն 26 քաղաքացի:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել էր հուլիսի 7-ի գիշերն իր նստավայրի վրա հարձակման արդյունքում: Կառավարությունը 15 օրով ռազմական դրություն է մտցրել հանրապետությունում: