
7 մլրդ 334 մլն դրամ կհատկացվի արցախցիներին. կառավարությունը որոշեց

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 7 մլրդ 334 մլն դրամ հատկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 2021 թվականի հունիս ամսվա 68 հազար դրամ աջակցությունը, ինչպես նաեւ մարտ-մայիս ամիսներին առանձին շահառուներին ամսական դրամական օգնության գումարները տրամադրելու համար:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայտնի իրադարձություններից եւ ծանր փորձություններից հետո Կառավարության առաջին խնդիրներից մեկը՝ Արցախում բնականոն կյանքը հնարավորինս վերականգնելը, մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելը, սոցիալական կոլապս թույլ չտալն է եղել. «Մենք Արցախի նախագահի ու կառավարության հետ քննարկում ենք, որ պետք է հընթացս անցում կատարենք զարգացման ծրագրերին, աշխատանքը խրախուսող ծրագրերին, տնտեսական ակտիվությունը խթանող ծրագրերին»:
Նա փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց, այս փուլում ի՞նչ պատկեր կա, ի պատասխան Գրիգորյանն ասաց, որ դրանք բաժանվում են 3 բլոկի. «Սոցիալական բլոկով մենք փաստացի ծախսել ենք 61.8 մլրդ դրամ: Քանի որ հայտնի պատճառներով Արցախի բյուջեի հարկային մուտքերը նվազել են 90 տոկոսից ավելի, այսօր կարող ենք ասել, որ մեր սոցիալական միջոցառումների շահառուները բոլոր արցախցի մեր հայրենակիցներն են: Ես կարող եմ նաեւ ասել, որ մոտ 104 հազար շահառու չորրորդ անգամ է արդեն օգտվում միջոցառումից: Սոցիալական միջոցառումներն իրենց տրամաբանությամբ հասնելու են 80 մլրդ-ի մոտավորապես, որովհետեւ մենք սկզբունք ունենք, որ վարձավճարների հատուցման միջոցառումը կգործի այնքան ժամանակ, մինչեւ մենք տեղահանված մեր հայրենակիցներին ապահովենք բնակարանով»:
Երկրորդ բլոկը՝ Արցախի Կառավարության ֆինանսական պարտավորություններին եւ իրավաբականան անձանց գույքային վնասներին է վերաբերում. «Մենք հաստատեցինք գործիք, որը հնարավորություն տվեց մաքսիմալ արդյունավետ այդ խնդիրը լուծել: Այդ գործիքի ազդեցությունը մեր բյուջետային հոսքերի վրա կկազմի տարեկան մինչեւ 10 մլրդ դրամ, բայց դա կաշխատի տարիներ»:
Երրորդ բլոկը՝ բնակարանով ապահովելու խնդիրն է, որի համար պետք է մոբիլիզացնեն մոտ 104 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ Կառավարության ծախսը 3 տարվա կտրվածքով կկազմի շուրջ 52 մլրդ դրամ. «Ամփոփելով ասեմ, որ սոցիալական բնույթի բոլոր միջոցառումները ընթացքի մեջ են՝ բնակարանով ապահովելու միջոցառումը դեռեւս մշակման փուլում է, ես կարծում եմ Կառավարության մյուս նիստի օրակարգում արդեն լուծումներից առաջինը կլինի: Մնացել է ֆիզիկական անձանց գույքային վնասների հատուցման ձեւաչափի հետ կապված վերջնական որոշումներ կայացվեն: Մենք եւ Արցախի Կառավարությունն արել եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի մաքսիմալ հատուցված լինեն սոցիալական պետքերը եւ կարիքները մեր հայրենակիցների»: