Նախագահն ընդունել է ոստիկանապետին, ԱԱԾ տնօրենին ու ՊՊԾ պետին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է  Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին և Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանին: Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։

 

Շնորհավորելով նրանց օրերս բարձր կոչումների արժանանալու առթիվ և հետագա հաջողություններ մաղթելով պատասխանատու գործունեության մեջ՝ նախագահ Սարգսյանը ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարներից հետաքրքրվել է ոլորտների աշխատանքների ընթացքով ու խնդիրներով: Անդրադարձ է կատարվել հանրապետությունում հասարակական և իրավական կարգի պահպանության, ազգային անվտանգության ոլորտներին վերաբերող հարցերի:

 

Նախագահ Սարգսյանն ասել է, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր փուլ էին մեր երկրի կյանքում: Միևնույն ժամանակ, նշելով, որ դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, նախագահն առանձնապես կարևորել է, որ իրավապահ մարմինները գործեն առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում: