Ինչու է ՄԻՊ գրասենյակը հարվածի տակ. Անի Սամսոնյանը հայտրարությունը

Ինչու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հարվածի տակ: Այս վերնագրով հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը: 

Հայտարարությունում ասվում է. «ՀՀ Սահմանադրությունն ասում է՝ պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճը ֆինանսավորումը։ 

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրվում են պաշտպանի գործունեության երաշխիքները՝ այդ թվում սոցիալական և ֆինանսավորման։ 

Օրենքում նշված է ՝ «Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։ 

Ինչով է սա կարևոր։ 

Քանի որ գրասենյակը ֆինանսավորվում է պետբյուջեից, օրենսդիրը նպատակ է ունեցել միևնույն ժամանակ այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ Կառավարությունը չմիջամտի գրասենյակի անկախությանը, կիրառել ազդեցություն կամ գործադրել ճնշումներ։ 

Ինչ է անում հիմա ՀՀ Կառավարությունը։ 

Կառավարությունը որոշել է, որ ՄԻՊ գրասենյակին պաշտպանող այս սահմանադրաիրավական երաշխիքը պետք է վերացնել և ներկայացրել է նախագիծ, որ այդ դրույթը հանի օրենքից։ 

Ստացվում է, որ այսուհետ Կառավարությունը պետք է հայեցողաբար որոշի, թե որքան գումար է հատկացնելու ՄԻՊ գրասենյակին։ Դա դառնալու է հիանալի գործիք Մարդու իրավունքների պաշտպանին ճնշելու նպատակով։ Վերանալու է գրասենյակի անկախությունը, ինստիտուտը քանդվելու է։ 

Այսպիսով, կարող ենք անել երեք հետևություն առ այն, որ իշխանությունը․ 

1. Չի հանդուրժում Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և նպատակ ունի սահմանափակել այն։ 

2. Չի գիտակցում, որ վերացնելով օրենքում սահմանված այս երաշխիքը, վտանգի տակ է դնում ինստիտուտի գոյությունը։ 

3. Ենթադրենք հանդուրժում է ՄԻՊ անկախությունը, գիտակցում է փոփոխության հետևանքները, բայց գնում է այս քայլին՝ չգնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը մեր պետության անվտանգության, ժողովրդավարության և հանրային բարօրության համար։ 

Երեք դեպքում էլ իշխանությունը անդառնալի վնասարարությամբ է զբաղված։ 

Չգիտեմ, միգուցե վերջին տարիներին ՄԻՊ ազդեցության և վստահությանը աճը իշխանությանը անհանգստացնու՞մ է։ 

Եթե չի անհանգստացնում, ուրեմն այս օրենքը Ազգային ժողովում մեծամասնության իշխանական պատգամավորները կմերժեն՝ ապացուցելով ինստիտուտի նկատմամբ հարգանքը և կարևորության զգացումը։