Հանքերի իրական սեփականատերերի բացահայտում չի եղել. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանքերի վերաբերյալ իր ուսումնասիրությունում նշել է՝ մետաղական հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը չի ծառայել նպատակին ու մի շարք տնտեսվարողներ օգտվելով օրենքի բացերից թաքցրել են իրենց սեփականատերերին։ 1lurer.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ՏՄՊՊՀ զեկույցում, որը հրապարակվել է հունվարի 22-ին։ 

 

Պետությունը չի կարողացել բացահայտել հանքերի տերերին

2019-ից կառավարությունը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում սկսել էր պահանջ ներկայացնել հանքարդյունաբերող ընկերություններին իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնել։ Սա թույլ է տալիս տեղեկանալ, թե ովքեր են հանքարդյունաբերական ընկերությունների սեփականատերերը։ ՏՄՊՊՀ-ն իր ուսումնասիրությունում, սակայն հայտարարել է՝ «մի շարք ընդերքօգտագործող ընկերություններ հայտարարագրերը լրացնելիս թաքցրել են իրական սեփականատերերին»՝ չմանրամասնելով, թե որ ընդերքօգտագործողների մասին է խոսքը, ավելին՝ ՏՄՊՊՀ-ն հայտնել է, որ հանքարդյունաբերության ոլորտում կենտրոնացվածության մակարդակ հնարավոր չի եղել պարզել. «Հայաստանում իրական սեփականատերերի առաջին բացահայտման փորձը փաստում է, որ ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացրած հայտարարագրերում իրական սեփականատերերի թվաքանակը չի գերազանցում 9-ը։ Հաճախ ընկերությունների տվյալներից բացակայում են այնպիսի էական տեղեկություններ, ինչպիսիք են իրական սեփականատեր դառնալու ամսաթիվը, միջանկյալ իրավաբանական անձանց տվյալները, դրանց գրանցման հասցեները»,-նշված է ուսումնասիրությունում՝ առանձնացնելով փաստը, որ միջանկյալ ընկերությունները գրանցված են օֆշորային գոտիներում, ինչը բարդացնում է իրական սեփականատերերի նույնականացումը։ 

Ընդհանուր առմամբ ՏՄՊՊՀ ողջ ուսումնասիրությունը հիմնված է արդեն իսկ հայտնի փաստերի ու բաց տվյալների վրա՝ ԱՃԹՆ զեկույցներ, ՊԵԿ, վիճակագրական կոմիտեի տվյալներ և այլն։ 

 

Պղնձի խտանյութ. ովքե՞ր են արդյունահանողներն ու արտադրողները

ՏՄՊՊՀ ուսումնասիրությունում առանձին անդրադարձ կա մետաղական հանքերի ենթաոլորտներին։ Ընդերքօգտագործման իրավունք ունեցող պղնձի խտանյութ արդյունահանող ու արտահանող ընկերությունները Հայաստանում 8 են՝ 6 պղնձամոլիբդենային և 2 պղնձի հանքավայր, 8-ից միայն 5 են ներկայում շահագործվում։ Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության 81 տոկոսն իրականացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 11 տոկոսը՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ ԶՊՄԿ-ն պղնձի խտանյութի մոտ 70 տոկոսն արտահանում է Բուլղարիա, 15 տոկոսը Ռումինիա և Չինաստան։ Ագարակի պղնձամոլիբդենայինն իր հերթին ողջ խտանյութն արտահանում է Չինաստան։ Ընդհանուր առմամբ, 2019-ին պղնձի խտանյութի արտահանման ծավալը կազմել է 1.2 միլիարդ դոլար։ ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ «պղնձի միջազգային գների նվազման պայմաններում ընդերք արդյունահանողները փորձել են պղնձի արդյունահանման ֆիզիկական ծավալների ավելացման հաշվին միավոր արտադրանքի ինքնարժեքը նվազեցնել՝ ֆինանսական կորուստները նվազագույնի հասցնելու համար»։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերի վերաբերյալ 2019-ին եղան մամուլի հրապարակումներ այն մասին, որ նախկին բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի ընտանիքն ամբողջությամբ դուրս է եկել սեփականատերերի ցանկից։ Միջանկյալ կազմակերպություններից մեկն էլ գրանցվել էր Կիպրոսի այն հասցեում, որտեղ գրանցված էին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրներին պատկանող ընկերությունը։ Հետագայում նոր փոփոխություններ եղան ԶՊՄԿ բաժնետերերի ցանկում, ու ընկերոթյան 12.5  տոկոսի բաժնետեր դարձավ Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը։ 

Իրական սեփականատերերի հայտարարագրից պարզ է դառնում, որ ներկայում ԶՊՄԿ-ն սեփականատեր է հանդիսանում իր թողարկած բաժնետոմսերի 75  տոկոսի, իսկ Զուրաբովը շարունակում է պահպանել 12.5 տոկոս բաժնեմասը։ 7.5 տոկոս բաժնեմաս ունի ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, 2.5 տոկոս՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ու նույնքան էլ նրա եղբայրը՝ Կարեն Հակոբյանը։ 

Ագարակի պղնձամոլիբդենայինի իրական սեփականատերերի հայտարարագրում նշված է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի անունը։ Նրան է պատկանում Ագարակի պղնձամոլիբդենայինի 95 տոկոսը։ Ըստ «Ֆորբս»-ի՝ Տրոցենկոյի ունեցվածքը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար։ Տրոցենկոյին են պատկանում օդանավակայաններ, նավահանգիստներ, բիզնես կենտրոններ Ռուսաստանում ու Եվրոպայում։ 

Թեղուտի հանքավայրի շահագործողը «Թեղուտ» ՓԲԸ-ն է, որի սեփականատերերից են գործարար Նորիկ Պետրոսյանը՝ 25  տոկոսի չափով, ՌԴ քաղաքացի Պավել Կորիչնևը՝ ևս 25 տոկոսի չափով։ Մնացած 50  տոկոսը պատկանում է «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ին (իր ուսումնասիրությունում ՏՄՊՊՀ-ն «Թեղուտ» ՓԲԸ-ի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալներ չի ներառել): 

 

Մոլիբդենի խտանյութ ու ֆերոմոլիբդեն

Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ Հայաստանում ներկայում շահագործվում է մոլիբդենի ու ֆերոմոլիբդենի 3 հանքավայր՝ Քաջարանի, Թեղուտի ու Ագարակի հանքավայրերը։ Արդյունահանող ու արտահանող դարձյալ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն է, իսկ Քաջարանի հանքավայրը Հայաստանում մոլիբդենի ամենամեծ պաշարն է ընդգրկում։ Կոմբինատի հետ մոլիբդենի խտանյութի վերամշակման ծառայությունների մատուցման պայմանագիր, ըստ ՏՄՊՊՀ-ի, կնքել ու նման ծառայություններ է մատուցում «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն, որն իր հերթին ԶՊՄԿ բաժնետերերից է։ Ծառայությունների մատուցումից «Մաքուր երկաթի գործարան»-ի ստացված հասույթը 2019-ին կազմել է 8.7 միլիարդ դրամ։ Նախկինում «Մաքուր երկաթի գործարան»-ի սեփականատերերից էր Գենիկ Կարապետյանը, ում բաժնեմասերը հետագայում ձեռք բերեցին գերմանական «Քրոնիմետ» խմբի մեջ մտնող ընկերությունները։ Մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ է զբաղվում նաև «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ը, որ նախկինում պատկանում էր ԶՊՄԿ նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ընտանիքին, իսկ 2017-ից ընկերության բաժնետերերը, ըստ Սիվիլնեթի, փոփոխվել էին, ու Հակոբյանի ընտանիքն ամբողջությամբ դուրս էր մղվել ընկերության սեփականատերերի ցանկից։ 

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2018-ին արտահանել է 7111, իսկ 2019-ին 8870 տոննա ֆերոմոլիբդեն։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ ֆերոմոլիբդենի արտահանմամբ զբաղվող ընկերություններից մեկն էլ «Ջի Առ Ի Փի սի Օ» ՓԲԸ-ն էր, որի սեփականատերը կապակցված էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։ Ֆերոմոլիբդեն հիմնականում արտահանվում է ՌԴ և Նիդեռլանդներ։ 

 

Ցինկի խտանյութ

Ցինկի խտանյութի արդյունահանմամբ ու արտահանմամբ զբաղվում է միայն «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն՝ շահագործելով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ «Չաարատ Կապան»-ն արտահանել է 9.5 միլիարդ դրամի խտանյութ: Այն արտահանվում է Բելգիա։ 

«Չաարատ Կապան»-ի 35.15 տոկոսի բաժնետերը Շվեդիայի քաղաքացի Մարտին Անդերսոնն է, այլ տվյալներ չեն նշվում։ 

Ոսկու խտանյութ, ոսկի և արծաթ

Ոսկու արդյունահանման թույլտվություն ունի 16 հանքարդյունաբերական ընկերություն, սակայն ներկայում միայն 3-ն են շահագործում հանքավայր։ Դրանք են՝ Սոթքի ոսկու հանքը, Մեղրաձորի ոսկու հանքն ու Ազատեկի հանքավայրը։ Սոթքի ոսկու հանքը շահագործում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը արդյունահանումն իրականացնում է Սոթքում, ապա երկաթուղով հանքաքարը տանում վերամշակման Արարատի կորզման ֆաբրիկա։ «Գեոպրոմայնինգ»-ը ոսկու, արծաթի ձուլակտորներն արտահանում է դեպի Շվեյցարիա։ Այստեղ ոսկու խտանյութի արտահանում է իրականացնում նաև Մեղրաձորի հանքը շահագործող «Մեղրաձոր գոլդ»-ը, որի սեփականատերն է Հայաստանի քաղաքացի Վարդան Մարգարյանը։ Ոսկու խոշոր հանքավայր կա Ամուլսարում, որի շահագործման իրավունքը տրված է «Լիդիան Արմենիա»-ին, այստեղ նախատեսվում էր տարեկան միջինում արտադրել 10 միլիոն տոննա հանքաքար։ Հանքի շահագործումը, սակայն, հանրային լայն  դժգոհության առիթ է հանդիսացել, ներկայում այն չի գործում, և «Լիդիան Արմենիա»-ի գործունեության վերաբերյալ քննվում է քրեական գործ։ 

ՏՄՊՊՀ-ն օրենքի խնդիրներ է տեսնում

Ուսումնասիրությունում հանձնաժողովը մի շարք օրենսդրական խնդիրներ է բարձրացրել, սակայն դրանք ոչ թե վերաբերում են իրական սեփականատերերի բացահայտմանը և թափանցիկությանը, այլ, օրինակ՝ երկրաբանական ուսումնասիրության  հայտերի ներկայացմանը, ընդերքի արդյունահանման իրավունքից հրաժարվելու ընթացակարգերին, ընդերքօգտագործման տրամադրման ժամկետներին և այլն։ «Ոլորտում առկա են նաև մրցակցության վրա ուղղակի կամ անուղղակի կերպով բացասական ազդեցություն ունեցող մի շարք հնարավոր խնդիրներ, որոնք կապված են ինչպես ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, այնպես էլ թույլտվությունների և իրավունքների տրամադրման, ներկայումս ներդրվող իրական սեփականատերերի բացահայտման գործընթացների և ոլորտում կայուն գործունեություն իրականացնելու անհրաժեշտ երաշխիքների հետ»,-նշված է հանձնաժողովի ուսումնասիրությունում:

Քաղաքականություն

Պատահարներ