«Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը». Արամ Գաբրիելյանով. 168 ժամ
Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ 168.am–ը զրուցել է ռուսաստանաբանկ մեդիամագնատ, հայազգի լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ, «Բալթիական մեդիախումբ» հոլդինգի նախագահ Արամ Աշոտի Գաբրիելյանովի հետ:
Հարցազրույցը հրապարակում ենք հատվածաբար. ամբողջական տարբերակը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.
– Վերջերս հրապարակվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Արցախի նախագահն ասում էր, որ 10 օրից ավելի օգնություն է խնդրում Փաշինյանից, բայց այն այդպես էլ չի տրամադրվում: Ականատես եղանք նաև գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսին, որում նա շատ ծանր մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ: Երկու դեպքերով էլ քրեական գործեր են հարուցված, բայց շուրջ 3-4 շաբաթ անց դեռ որևէ մեկի մեղադրանք չի առաջադրվել: Ինչո՞ւ:
– Իսկ դուք սպասում էիք, որ Փաշինյանին կամ նրա թիմին մեղադրա՞նք պետք է ներկայացվի: Փաշինյանը, ի՞նչ է, կարող է ասել, որ հրամայել է զորքին կռվե՞լ… Իհարկե, ոչ, նա չի տվել նման հրաման: Ասելու է, որ օգնությո՞ւն է ուղարկել Արցախ… Չի՛ ուղարկել: Ես ավելի ասեմ, Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով, և ես զարմանում եմ՝ ինչո՞ւ Արայիկ Հարությունյանն այդ մասին ուղիղ չի ասում: Վախենում է ու չի ասում:
Ես, իհարկե, կարծում եմ, որ հենց Փաշինյանին հեռացնեն իշխանությունից, Արայիկն անմիջապես կսկսի աղաղակել, որ՝ այո՛, Շուշին Փաշինյանի հրամանով են հանձնել: Ես վստահ եմ, որ կա այդ խոսակցության ձայնագրությունը, և ես գիտեմ, որ կա այն հեռախոսազրույցի ձայնագրությունը, ուր հարբած Փաշինյանը Արայիկ Հարությունյանի հետ զրույցում հայհոյում ու մեղադրում է ռուսական ղեկավարությանն ամեն ինչում: Դա բոլորը գիտեն:
– Դա ե՞րբ է եղել:
– Դա եղել է այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն արդեն Սյունիքում սկսեցին դիրքեր զբաղեցնել: Նա զանգել է Արայիկին: Դա Ղարաբաղում բոլորը գիտեն: Պարզապես Արայիկ Հարությունյանը վախենում է հրապարակել այդ ձայնագրությունը, բայց նա ունի այդ ձայնագրությունը:
Ես կարծում եմ, որ Ռուսաստանում էլ գիտեն այդ ձայնագրության մասին: Այն, որ Փաշինյանը խմում է առավոտից երեկո, նույնպես բոլորը գիտեն: Ես գրել եմ, որ նա շատ է խմում, գտնվում է ուժեղ հոգեմետ դեղամիջոցների ազդեցության տակ: Դա բոլորը գիտեն: Բոլորն ինձ ասում են՝ Փաշինյանը քեզ դատի կտա: Թող տա, բայց երբեք նա դա չի անի: Դե՜, ո՞ւմ ես սպասում… Գիտես, չէ՞, որ դատարանը քեզ կպարտավորեցնի անալիզներ հանձնել, իսկ այդ հոգեմետ միջոցները մարդու արյան մեջ 6 ամիս մնում են: Արի արյուն հանձնենք՝ ես էլ, դու էլ: Ես խնդիր չունեմ:
– Ի՞նչ է մեզ սպասվում Նիկոլ Փաշինյանի հետ:
– Եթե Փաշինյանը մնա ևս 1.5-2 ամիս, մենք կարող ենք վստահ լինել, որ Հայաստանը կբաժանվի մի քանի մասերի: Մեծ խելք պետք չէ դա հասկանալու համար: Սյունիքը չի ներելու Փաշինյանին, դա հաստատ է: Նա ի՞նչ բանակցող է, եթե ինչ ուզում են՝ վերցնում են, իսկ նա ոչինչ չի ասում, լռում է: Մորս ծննդավայր Կարմիր շուկա գյուղը գտնվում էր մեր տիրապետության տակ: Մինչև խաղաղապահները տեղ կհասնեին, հանձնեցին արյամբ պահած գյուղը՝ Թաղավարդ գյուղը ևս: Սա նորմա՞լ է:
– Ի՞նչ պետք է անի Հայաստանի ժողովուրդը:
– Ես ձեզ երաշխավորում եմ, որ, եթե Փաշինյանը մնա ևս 2 ամիս, երկիրը կընկնի կոլապսի մեջ, ու Հայաստանը կբաժանվի մասերի: Ես հիմա Ղարաբաղի համար նույնիսկ այնքան մտահոգ չեմ, որքան Հայաստանի, քանի որ այնտեղ խաղաղապահներ են կանգնած, իսկ հիանալի քաղաքական գործիչ Պուտինն արդեն երբեք Ղարաբաղը չի տա: Բայց այս դավաճանը Հայաստանը կքայքայի: Այնպես որ՝ թող մարդիկ մտածեն ու որոշում կայացնեն: