Ինչ փաստերի հիման վրա է դատարանը կասեցրել Գագիկ Ծառուկյանի հյուրանոցի շինարարությունը
Օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրուցում փաստաթղթեր էր ներկայացրել, որոնք վերաբերում էին Աբովյան 5 հասցեում տեղի ունեցող շինարարության թույլտվությանը, որը սակայն կասեցվել էր դատարանի որոշմամբ։ Ավելի ուշ մամուլի ասուլիով հանդես եկավ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով ընդգծեց, որ թույլտվությունն իրականում վերաբերում էր ճարտարապետանխագծային թույլտվությանը, սակայն շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ էր ունենալ շինարարական թույլտվություն։
Մինչդեռ ճարտարապետանախագծային թույլտվությունից հետո մի քաղաքացի դիմել էր դատարան, արդյունքում, շինարարությունը կասեցվել էր։ ArmDaily.am-ին հաջողվել է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում գտնել հայցը, որի հետևանքով հյուրանոցի շինարարությունը կասեցվել էր։
Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ ՀՀ վարչական դատարանը նախագահությամբ՝ դատավոր Արթուր Ավագյանի, 2018 թ-ի փետրվարի 19-ին վարույթ էր ընդունել քաղաքացի Աննա Մարտիրոսյանի հայցադիմումն ըննդեմ Երևանի քաղաքապետարանի։ Աննա Մարտիրոսյանը պահանջում էր անվավեր ճանաչել 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները։ Գործով երրորդ անձինք էին ժանաչվել «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ն, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ն և Դավիթ Մանթաշյանը։
Աննա Մարտիրոսյանը հանդիսանում է Երևանի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատերը։
Դատարանը բավարարել էր նրա միջնորդությունը՝ հիմնավորելով որոշումը նրանով, որ նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և դրա արդյունքում Երևան համայնքի 19.12.2017 թվականի թիվ 01/18-80609-1266 և 16.02.2018 թվականի թիվ 01/18-10116-140 շինարարության թույլտվությունները տրվել են քաղաքաշինական և հակահրդեհային նորմատիվ ակտերով սահմանված պահանջների անտեսմամբ: Դատարանն արձանագրել էր, որ սույն գործի փաստերով հաստատվել է, որ Երևանի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի և Երևանի Աբովյան փողոց թիվ 5/1, թիվ 5/2 և թիվ 5/5 հասցեներում գտնվող «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ին, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ին և Դավիթ Մանթաշյանին պատկանող շինությունների միջև` Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի հետնամասում, շինությունների միջտարածությունը կազմում է մոտավոր մեկ մետր, որպիսի փաստը հաստատվել է 22.05.2018 թվականին կատարված զննման արդյունքում:
Այնուհետև գործի քննության ժամանակ կողմերը երկուստեք ընդունել էին, որ տվյալ մեկ մետր հեռավորության վրա առկա շինությունը մինչև մեկ հարկի հասնող է, սակայն հիմնական շինության հեռավորությունը մոտավոր 4,5 մետր է:
Մինչդեռ Դատարանը փաստում է, որ սույն գործի փաստերով հաստատվում է, որ հայցվոր Աննա Մարտիրոսյանին պատկանող անշարժ գույքի հրակայունությունը չի համապատասխանում I և II աստիճանների, այլ համարժեք է III կամ IV աստիճանի բնութագրերին, որպիսի հասարակական շենքերի միջև հակահրդեհային միջտարածությունը, համաձայն «ՀՀՇՆ21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերի և «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի, առնվազն պետք է լինի 8 մետր:
«Քրեագետ» դատական անկախ փորձաքննությունների կենտրոնի տնօրենի 20.01.2018 թվականի թիվ Ք-001-01-18 գրությամբ ևս հաստատվել են վերը շարադրված եզրահանգումներն այն մասին, որ ելնելով Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 շենքի հրակայունության III կամ IV աստիճանի բնութագրերին համապատասխանությունից, շենքերի միջև հեռավորությունը պետք է կազմի 8-10 մետր, որը փաստացի պահպանված չէ, մասնավորապես շենքի հետնամուտքին հարող տարածքում:
Գործի քննության ժամանակ պատասխանողի ներկայացուցիչը հայտնել էր, որ վարչական վարույթի նյութերում առկա չէ որևէ համաձայնեցում ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ:
Բացի այդ, շինությունների միջև պահպանված չեն նաև հակասեյսմիկ կայանի` շենքի կից մասերն իրարից բաժանող տարածությանը ներկայացվող շինարարական նորմերը, քանի որ վեճի առարկա շենքերի միջև հակասեյսմիկ կարանն ամբողջ բարձրությամբ ապահովված չէ: