Բարձրաստիճան ոստիկանների ահռելի ունեցվածքը․ ՀԵՏՔ
«Հետքի»-ը ներկայացնում է բարձրաստիճան ոստիկանների հայտարարագրերը․
ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանի և նրա կնոջ հայտարարագրած ունեցվածքը (32 մլն դրամ, 48 հազար դոլար և այլ) բավականին մեծ հանրային հնչեղություն ստացավ։ Պաշտոնական դիրքի չարաշահման և կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից հարկավոր է հասկանալ, թե բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրած դրամական միջոցները և ունեցվածքը ինչ ծագում ունեն։ Թափանցիկությունն ու հանրության առջև հաշվետու լինելը առավելաբար կարևոր է ուժային կառույցներում ծառայող և ի պաշտոնե հանրային շահը պաշտպանող ծառայողների համար։
Առաջնորդվելով հանրային հաշվետվողականության, պետական մարմինների և ծառայողների թափանցիկ գործելաոճի կարևորությամբ, վերլուծել ենք Ոստիկանության կենտրոնական մարմնի ծառայողների էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի տարեկան հայտարարագրերը։
Պետք է նշենք, որ վերլուծությունից ստացած արդյունքները բավական տպավորիչ էին՝ պարզվեց, որ ոստիկանությունում կան պաշտոնյաներ և նրանց կանայք, որոնք Արգիշտի Քյարամյանից մի քանի անգամ ավելի շատ դրամական միջոցներ և եկամուտներ են հայտարարագրել։ Առանձնացրել ենք ամենաշատ դրամական միջոցներ և եկամուտ ունեցող ոստիկանության ծառայողներին, արդյունքները ներկայացնում ենք ստորև։
Այսպես՝ ՃՈ (վարչության իրավունքով) օպերատիվ կառավարման կենտրոնի (բաժնի իրավունքով) պետ Ավագյան Արկադիի դրամական միջոցները կազմել են 100.000 ԱՄՆ դոլար, 20,000 եվրո և 35.000.000 դրամ։ Պրն. Ավագյանի աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 8.251.117 դրամ։ Հարց է առաջանում, թե ինչ ծագում ունեն պրն. Ավագյանի դրամական միջոցները։
Պրն. Ավագյանի գործընկեր՝ ՃՈ (վարչության իրավունքով) Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Դավթյան Արմենի դրամական միջոցները բավական մեծ են՝ 83.000 ԱՄՆ դոլար, 67.000 եվրո և 15.000.000 դրամ։ Աշխատավարձից ստացած նրա եկամուտը 5.817.000 դրամ է, իսկ մեքենայի վաճառքից ստացած եկամուտը՝ 9.000.000 դրամ։
ՃՈ ևս մեկ ծառայողի՝ (վարչության իրավունքով) ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի (ք.Երևան) հրամանատար Հակոբյան Արմանի դրամական միջոցները կազմել են 43.000 ԱՄՆ դոլար և 11.000.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝ 6.738.000 դրամ։ Պրն. Հակոբյանը նաև հայտարարագրել է 1.250.000 դրամ արժեցող Toyota Camry մեքենա։
Պակաս տպավորիչ չեն նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծառայողների հայտարարագրերը։
Օրինակ՝ 1-ին վարչության (կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման) 2-րդ (արտադրության ոլորտում ստվերային շրջանառության դեմ պայքարի) բաժնի պետ Բարսեղյան Արթուրի դրամական միջոցները կազմել են՝ 78.000 ԱՄՆ դոլար և 8.000.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝ 3.672.000 դրամ։
Պրն. Բարսեղյանի կնոջ՝ Գրիգորյան Զարուհու դրամական միջոցները կազմել են 55.000 եվրո և 10.000.000 դրամ, աշխատավարձից ստացած նրա եկամուտը՝ 9.672.000 դրամ։ Ավելացնենք, որ Բարսեղյան Արթուրը հայտարարագրել է նաև 12.000 ԱՄՆ դոլար արժեք ունեցող BMW 525 մակնիշի մեքենա։
Ոստիկանության նույն վարչութան 6-րդ (դրամանենգության դեմ պայքարի) բաժնի պետ Հովհաննիսյան Արթուրի դրամական միջոցները կազմել են 15.000 ԱՄՆ դոլար, 10.000 եվրո և 25.000.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 3.723.210 դրամ։ Պրն. Հովհաննիսյանի կինը՝ Մխիթարյան Թեհմինեն նույնպես մեծ կարողության տեր է, նա հայտարարագրել է 250.000 ԱՄՆ դոլար, 50.000 եվրո և 50.000.000 դրամ, իսկ աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 1.282.000 դրամ։
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) երկու ծառայող նույնպես առանձնացել են իրենց հայտարարագրերով։
Այսպես, Նոր Նորքի պահպանության բաժնի պետ Եդիգարյան Արմենի դրամական միջոցները կազմել են 58.000 ԱՄՆ դոլար, 25.000 եվրո և 62.000.000 դրամ: Պրն. Եդիգարյանի աշխատավարձից ստացած եկամուտը՝ 4.272.000 դրամ է իսկ վարձակալությունից ստացած եկամուտը՝ 360.000 դրամ։
ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի պետ Ադամյան Անդրանիկի հայտարարագրում դրամական միջոցները կազմել են 28.000 ԱՄՆ դոլար, 14.000 եվրո և 34.000.000 դրամ։ Աշխատավարձից ստացած եկամուտը` 4,440,000 դրամ, գույքի վաճառքից ստացած եկամուտը՝ 17,280,000 դրամ և փոխառություններից ստացած եկամուտը՝ 13.825.000 դրամ։
Տպավորիչ են Շտաբի (գլխավոր վարչության իրավունքով) հերթապահ ծառայության վարչության պետ Առաքելյան Արայիկի փոխառություններից ստացած եկամուտը՝ 63.438 ԱՄՆ դոլար, 5.757.000 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են՝ 1700 ԱՄՆ դոլար, 4,300,000 դրամ և 450 եվրո իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 4.180.000 դրամ:
Փորձաքրեագիտական վարչության պետի տեղակալ, ինքը և քրեագիտական հետազոտությունների բաժնի պետ Պողոսյան Անդրանիկի դրամական միջոցները կազմել են 51.000 ԱՄՆ դոլար։ Աշխատավարձից ստացած եկամուտը՝ 4,330,527 դրամ, փոխառությունից ստացած եկամուտը՝ 11,670,000 դրամ։
Ոստիկանության վերը նշված բոլոր ծառայողների հայտարարագրած դրամական միջոցները, կարծես, չեն համապատասխանում իրենց ստացած աշխատավարձերին, ուստի հարց է առաջանում այդ գումարների ծագման աղբյուրների վերաբերյալ։ Թավշյա հեղափոխությունից հետո ոստիկանությունում կադրային լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, հետևաբար բարձրաստիճան ոստիկանների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը պետք է շարունակի մնալ հանրության ուշադրության կենտրոնում։