Ի՞նչն է եղել Վիեննայում Ալիևի հետ հանդիպման հիմնական թեման. Նիկոլ Փաշինյան
«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել։ Դա մի պարտականություն է ու պատասխանատվություն, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր` երեք կողմերը։ Եվ դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք», – ԵԿՄ համագումարում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հենց սա է եղել հիմնական թեման Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման ընթացքում։ Փաշինյանի խոսքով, սակայն, կան թյուրիմացություններ, որոնց նա անդրադաձավ իր ելույթում։
Նրա խոսքով՝ ասվում է, թե Հայաստանը պահանջում է Արցախյան հակամարտության բանակցությունների ֆորմատի փոփոխություն, ու Ադրբեջանը հաղթանակ է համարում այն, որ այդպիսի փոփոխություն չի եղել։ Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանի կառավարությունն այդ ֆորմատի փոփոխության հարց երբեք չի դրել․ դրել է ֆորմատի վերականգնման հարց։
«Այն, որ Ղարաբաղի հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում, մենք երբեք, ոչ մի վայրկյան կասկածի տակ չենք դրել։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեներից ենթադրել և ներառել է Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա ապահովվել է բանակցային ողջ գործընթացի ժամանակ, նույնիսկ՝ 1998 թվականից հետո, քանի որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը եղել են Արցախի ընտրված ներկայացուցիչներ։ Հետևաբար՝ Արցախի ընտրված ներկայացուցիչները հիմա էլ պետք է մասնակցություն ունենան։
Եթե Արցախի ընտրված ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցություններին, ապա այնտեղ կարելի է խոսել ամեն ինչի մասին, բացի Արցախյան հակամարտության կարգավորումից։ Այս մասին ԵԿՄ համագումարում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև Մադրիդյան սկզբունքներին ու ասաց, որ որպես բանակցություններին նոր ներգրավված մարդ, հարց է առաջադրել՝ ի՞նչ կարող են նշանակել Մադրիդյան սկզբունքները։
«Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել։ Եվ միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք՝ որքանով են ընդունելի և որքանով են անընդունելի այդ սկզբունքները, և ընդհանրապես ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն», – ասաց Փաշինյանը։