Ոչ մեկի գլխին ատրճանակ չենք պահում ասում՝ եկեք ԱԱԾ. Փաշինյան
Բարձրաստիճան նախկին պաշտոնյաններ, պատգամավորներ, որոնք համատեղությամբ նաև օլիգարխներ էին, Նոր Հայաստանում անարգել շարունակում են իրենց գործունեությունը, նրանից ոմանք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կանչվել են ԱԱԾ և ինչ-որ հաշվարկների արդյունքում գումարներ են վերադարձրել պետությանը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց. «Հետաքրքիր է՝ որքա՞ն գումարով է վերջանում նրանց պատասխանատվության հարցը: Դա միանվա՞գ գումար է, թե յուրաքանչյուրի մասով առանձին որոշում է կայացվում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ գումարների վերադարձը բավարար է, որ այս շրջանակի անձանց պատասխանատվությունից ազատված համարենք»:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ սահմանն օրենք է, որոնք ընդունում է Ազգային ժողովը. «Այն օրենքները, որոնք կընդունվեն այդ կապակցությամբ, առաջիկայում դրանք էլ կհամարվեն սահմանը»:
Ըստ նրա՝ պայմանավորվածություն ունեն, որ օրինակ՝ անցումային արդարադատության հարցով պետք է զբաղվի խորհրդարանը, և ԱԺ-ն պետք է որոշի այդ սահմանը
Փաշինյանն անդրադարձավ նրան, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձված թեմայով ՀՀԿ ներկայացուցիչները բավական աղմուկ են բարձրացնում. «Չեն ասում, որ դեռ իրենց իշխանության ժամանակ դա ՀՀ-ի ստանձնած պարտավորություն է կոռուպցիայի շրջանակում, բայց իրենք հետեւողական չեն արել եւ մենք հիմա ասում ենք՝ պատրաստ ենք անել: Բայց սրան զուգահեռ լեգիտիմ մտահոգություններ կարող են լինել: Ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը այնքան բարձր արժեք է, որ որեւէ մեկը հույս չունենա, որ այդ գծից մեկ միլիմետր նահանջելու ենք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ մեխանիզմը տալիս են խորհրդարանին, որ չասեն, թե սուպերվարչապետության համակարգից օգտվում է: «Որ չասեք՝ սուպերվարչապետը իրեն հարմար մեխանիզմ է ստեղծում, որ ում գույքն ուզենա՝ խլի, ումն ուզենա՝ չխլի»,-ասաց նա:
Արման Բաբաջանյանն արձագանքեց, թե լավ է, որ պատվիրակում են խորհրդարանին, բայց հենց սուպերվարչապետության պատճառով է նաեւ, որ մարդիկ գումարներ են վերադարձրել ԱԱԾ-ին, ինչը խորհրդարանի վերահսկողությունից դուրս է եւ իրենք չեն կարողանում կառուցվածքը հասկանալ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, մարդկանց ԱԱԾ բերում են քրեական վարույթներով. «Ոչ մեկի գլխին ատրճանակ չենք պահում ասում՝ եկեք ԱԱԾ: Այդ ընթացում լինում են գումարներ, որ մարդիկ պատրաստակամություն են հայտնում ինչ-որ նպատակի ծառայեցնելու, եւ լինում են հրատապ, օրինակ՝ ազգային անվտանգության ծախսեր, եւ ասում ենք՝ շատ լավ, եթե մարդը գումար է տալիս, մենք էլ անհրաժեշտություն ունենք, մեր երկրի համար ծախսենք: Իսկ թե ինչի համար ենք ծախսել այդ գումարները, լավ կլինի փակ մեխանիզմով քննարկմանը ներկայացնենք ԱԺ-ին: Բայց ոչ մեկ ոչ մեկին ինդուլգենցիա չի տալիս»,-ասաց Փաշինյանը:
Բացի այդ, վարչապետը նշեց, որ ցանկացած երկրի քրեական դատավարության օրենսգրքով, այն մարդը, ով համագործակցում է քննության հետ, վերականգնում է հասցրված վնասները, դա դիտարկվում է մեղմացուցիչ հանգամանք: «Ամբողջ աշխարհում է դա: Ընդգծում եմ՝ անձամբ ես ոչ մեկին ո՛չ ներել եմ, ո՛չ մեղադրել, եւ ես դրա իրավասությունը չունեմ, եթե նույնիսկ քաղաքական հնարավորությունը ունենամ, բայց ես ինքս առաջին հերթին սահմանափակված եմ զգում օրենքով ունեցած պարտավորությունների համար»,-ընդգծեց վարչապետը: