Մահացել է աշխարհում գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամով փոխպատվաստված երկրորդ հիվանդը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակիչը, որն աշխարհում գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամով փոխպատվաստված երկրորդ հիվանդն էր, մահացել է օրգանների փոխպատվաստման վիրահատությունից գրեթե երեք ամիս անց, հայտնում է UPI գործակալությունը։


Նյու Յորքի NYU Langone առողջության բժշկական կենտրոնը երեքշաբթի հայտարարել է, որ կիրակի մահացել է 54-ամյա Լիզա Պիզանոն, որի փոխպատվաստված երիկամը հեռացվել էր մայիսի 29-ին՝ սրտի դեղորայքից առաջացած արյան անբավարար հոսքի պատճառով։


Երիկամային և սրտի անբավարարությունից տառապող Պիզանոյին խոզի երիկամի փոխպատվաստում էին արել ապրիլի 12-ին՝ սրտի մեխանիկական պոմպ տեղադրելու վիրահատությունից ութ օր անց: Ըստ NYU Langone Health կլինիկայի վիրաբույժների՝ սա առաջին դեպքն էր, երբ մեկ հիվանդի մեջ երկու տարբեր բժշկական տեխնոլոգիաներ էին փոխպատվաստվել:


«Լիզայի ավանդը բժշկության, վիրաբուժության և քսենոփոխպատվաստման ոլորտում անհնար է գերագնահատել», - երեքշաբթի հայտարարել է NYU Langone փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռոբերտ Մոնտգոմերին: «Նրա խիզախությունը հույս է ներշնչել երիկամների կամ սրտի վերջին փուլի անբավարարությունից տառապող հազարավոր մարդկանց, որոնք շուտով հնարավորություն կունենան օգտվելու օրգանների այլընտրանքային փոխպատվաստումից»:

Քաղաքականություն