Ֆրանսիայի դեսպանն արգելել է հյուպատոսին այցելել ինձ, որպեսզի աղմուկ չբարձրանա․ Նիկոլյանը շարունակում է հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն ապրիլի 22-ից մինչև այսօր անժամկետ հացադուլ է սկսել «Զվարթնոց» օդանավակայանում այն բանից հետո, երբ օդանավակայանի անձնագրերի ստուգման կետ հասնելուց հետո նրան թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Դեպքին այս ընթացքում անդրադարձել են նաև արաբական ու ֆրանսիական ԶԼՄ-ները։
Tert.am-ի հետ զրույցում լրագրողը հայտնել է, որ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, քանի դեռ իրեն գրավոր կերպով հիմնավոր պատճառ չեն ներկայացրել, թե ինչու է արգելվել իր մուտքը։
- Պարո՛ն Նիկոլյան, ինչպե՞ս եք այս պահին զգում Ձեզ, բժիշկներն ինչպե՞ս են գնահատում Ձեր առողջական վիճակը։
- Առողջությունս այս պահին դեռ չի հասել կրիտիկական վիճակի, դա, երևի, կլինի մեկ շաբաթից։ Ճնշման հետ կապված խնդիրներ եմ ունենում, ճիշտ է՝ սրտի և թոքերի հետ կապված լուրջ խնդիրներ ունեմ, բայց ուրիշ տարբերակ չունեմ, հացադուլս կադադարեցնեմ, երբ հիմնավոր փաստեր կներկայացնեն, թե ինչու են կայացրել այս քաղաքական որոշումը։
- Փաստորեն, Դուք այս որոշումը համարում եք քաղաքական։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ՝ ի՞նչ պատճառներ կային Ձեր մուտքն արգելելու համար։
- Համոզված եմ, որ դա կապված է Տավուշ, մասնավորապես՝ Ոսկեպար կատարած իմ այցի հետ։ 1988 թվականի երկրաշարժից հետո ես հաճախ եմ գալիս Հայաստան, 1990-ականներից եղել եմ Արցախում, վիրավորվել եմ։ Այս իշխանությունները հայտարարում են, որ դեմոկրատական երկիր է Հայաստանը, բայց ես այստեղ դեմոկրատիա չեմ տեսնում։ Միայն նրա համար, որ Փաշինյանի դուրը չի եկել լրագրողի նյութերը, արգելում են նրա մուտքը Հայաստան, այն լրագրողի, որը ժամանակին օգնել է Փաշինյանին դրսում ակցիաներ կազմակերպել նախկին իշխանությունների դեմ։
- Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին վաղուց եք ճանաչում։ Ինչպե՞ս եք հանդիպել նրան, ինչո՞վ եք օգնել նրան։
- Նրան օգնել եմ Ֆրանսիայում, Եվրախորհրդարանում աղմուկ բարձրացնել նախկին իշխանությունների դեմ։ Մինչև 2003 թվականը շատ եմ հանդիպել նրան, շատ էի գնում իր խմբագրություն՝ լրագրողական գործունեության շրջանակներում, լավ հարաբերություններ ենք ունեցել միմյանց հետ։
- Պարո՛ն Նիկոլյան, այս ընթացքում ովքե՞ր են Ձեզ այցելել։
- Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է իր աշխատողներին, բայց երկրորդ անգամ նրանց հետ եմ ուղարկել, ասել եմ՝ կամ ՄԻՊ-ը պետք է գա, կամ ոչ ոք, ես իր հետ պետք է խոսեմ։ Նույն խնդիրը կա նաև Ֆրանսիայի հյուպատոսի հետ, ով ինձ հորդորել է վերադառնալ, բայց մերժում է ստացել։ Ես տեղեկություններ ունեմ, որ Ֆրանսիայի դեսպանը՝ Օլիվիե Դըկոտինյին, արգելել է հյուպատոսին այցելել ինձ, քանի որ չեն ուզում, որ աղմուկ բարձրանա։ Այս մասին ես տեղեկացել եմ Ֆրանսիայի դեսպանատան աշխատողներից։
- Գիտեք, որ Բագրատ Սրբազանը ևս կոչ է արել դադարեցնել հացադուլը, չե՞ք ուզում հետևել նրա կոչին։
- Ես գիտեմ այդ կոչի մասին, ես Սրբազանին հանդիպել եմ դեռ այն ժամանակ, երբ Տավուշում էի, ծանոթացել եմ իր հետ, բայց կներեք, շարունակելու եմ հացադուլը։ Սեյրան Օհանյանը ևս ԱԺ ամբիոնից բարձրացրել է այս հարցը։ Գիտեմ, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժում է սկսվել Հայաստանում և մտածում եմ, որ ճիշտ ուղղության վրա են։ Իրեն հիմա հազար անուն են կպցնում, թե ԿԳԲ աշխատող է և այլն, ինձ էլ են շատ բան ասել Ֆրանսիայում։ Դա նորմալ է, երբ խանգարում ես, քեզ մի բան պետք է ասեն։ Այո՛, խաղաղություն պետք է լինի, բայց ոչ ամեն գնով։ Մեկ տարի առաջ Կապանում էի, այցելեցի Ներքին Հանդ ու տեսա, թե ինչպես են իշխանություններն առանց մեկ կրակոցի հանձնել մեր դիրքերը, այդ գնով չպետք է լինի խաղաղությունը։