Առկա է հասարակական պահանջ, որ Եկեղեցին իշխանության լծակները վերցնի իր ձեռքը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Շարժմանը Եկեղեցին իր ամբողջ ուժով ներկա չէ, կարիք էլ չկա, բայց սատարում է, սա Եկեղեցուց դուրս շարժում է, որը գլխավորում է Բագրատ Սրբազանը և այս հարցում Եկեղեցում որևէ տարաձայնություն չկա։ Ամեն հոգևորական ինքն է կշռում որքանով կարող է մասնակցել կամ չմասնակցել։ 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Իշխանություն վերցնելու նպատակ չունենք, բայց առկա է հասարակական պահանջ, որ Եկեղեցին իշխանության լծակները վերցնի իր ձեռքը, դա լավ օրից չի գալիս, դա իշխանության ապիկարությունն է, որ այս օրին ենք հասել։ Այնքան սնանկ է քաղաքական դաշտը, որ ժողովուրդը հույսեր է կապում եկեղեցականի հետ։ Վստահ եմ Բագրատ Սրբազանը վարչապետ դառնալու ամբիցիաներ չունի, պարզապես ժողովուրդը ոչ մի քաղաքական ուժի հետ հույսեր չի կապում»,- մեկնաբանել է արքեպիսկոպոսը։
Անդրադառնալով օրենսդրական խոչընդոտներին Բագրատ Սրբազանի՝ երկրի ղեկավար դառնալու հետ կապված հարցին արքեպիսկոպոս Աջապահյանը ընդգծեց, որ Բագրատ Սրբազանը Սահմանադրությանը դեմ չի գնալու։
Խոսելով երկրի ղեկավարի թեկնածու առաջադրելու անհրաժեշտության մասին Աջապահյանը ընդգծեց, որ Բագրատ Սրբազանը իշխանությունը կամ շարժման առաջնորդությունը չի փոխանցի նախկիններին կամ այս իշխանությունից որևէ մեկին, ժողովորդուդը չի ընդունի:
Ինչ վերաբերում է այսուհետ Հայ առաքելական եկեղեցու ֆինանսատնտեական թափանցիկությունը ստուգելուն ուղղված մերձիշխանական հայտարարություններին, Աջապահյանը նշեց, որ տհաս մարդը կարող է ասել, որ քահանան հարկ չի վճարում, թող ստուգեն` վճարում ենք, թե՝ ոչ․
«Եկամտահարկ, և գույքահարկ վճարում ենք, ուրիշ ի՞նչ պետք է վճարեինք։ Թող վերահսկեն, մենք մաքսային, հարկային ոչ մի արտոնություն չունենք։ Վրաստանի կառավարությունը, որ հատուցում է եկեղեցուն, հա՞րկ է պահանջում, ավելի դեմոկրատ ու լայնախոհ են, քան ռուսնե՞րը, հույնե՞րը, բուլղարնե՞րը, թող համեմատեն ուղղափառ երկրների հետ, տեսնեն՝ պետության ու եկեղեցու հարաբերություններն ինչպիսին են, հարկվո՞ւմ են։ Վրաց, ռուս, ռումինական, սերբական, եկեղեցին հարկվո՞ւմ է, պետք է ծափահարե՞նք հիմարությանը՝ ինչ լավ է, հիմա բյուջեն կլցվի, եկեղեցու ունեցածը ի՞նչ է, գիտեն, թե եկեղեցին առասպելական հարստութուն ունի»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: