Նրանց ակնկալիքն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց մաքսային հսկողություն․ ԱԳ նախարար

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։


-Մի հարց առևտրային միջանցքների մասին։ Մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում միջազգային ճանապարհների հետ. առևտրային ուղիները վերադասավորվում են, Միջին միջանցքն այժմ շատ կարևոր է՝ միտված Չինաստանը եվրոպական շուկաներին կապելուն, խոսվում է Հնդկաստան-Մերձավոր Արևելք միջին միջանցքի, Իրաքն ու Թուրքիան Եվրոպական շուկաներին կապող զարգացման ճանապարհի մասին, ԵՄ-ում՝ «համաշխարհային դարպասի», ԱՄՆ-ում՝ «վերակառուցիր ավելի լավ», իսկ Չինաստանում՝ «Մեկ գուտի, մեկ ճանապարհ» ծրագրերի մասին։ Ո՞րն է Ձեր տեսակետն այն միջանցքների վերաբերյալ, որոնք Հայաստանին ու Ադրբեջանին կկապեն այդ ավելի լայն ցանցին։


-Հասկանալիորեն, Հայաստանը ոչ միայն հետաքրքրված է, այլև նաև պատրաստ է մաս դառնալ նոր միջազգային լոգիստիկ, տարանցիկ ուղիների։ Այս թեմայի շուրջ քննարկումը կառուցողականորեն ծավալելու, շոշափելի արդյունքների համար, ինչպես նաև մեր մտադրությունները, պատրաստվածությունը լավագույնս ներկայացնելու նպատակով մենք մշակել ենք «Խաղաղության խաչմերում» նախագիծը, որն իրականացվելու պարագայում տնտեսական առավելություններ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և դրանից անդին, և ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական. իրականացվելու պարագայում այն կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղությանը նպաստող նշանակալի գործոն, քանի որ առևտուրը, փոխկապակցվածությունն իրենց հետ բերում են որոշակի կայունություն, խաղաղություն։ Սա է մեր մտադրությունը։ Այս նախաձեռնությունը մենք շարունակում ենք ներկայացնել մեր բոլոր հնարավոր գործընկերներին։ Դրա հիմքում դրված գաղափարն այն է, որ Ադրբեջանից բեռները, անձինք կարող են հատել, անցնել ՀՀ սահմանը և մուտք գործել Նախիջևանի տարածք, և նույնը պետք է գործի ՀՀ քաղաքացիների համար։ Կա չորս կարևոր պայման, որոնք թույլ կտան գործընթացը պատշաճորեն իրականացնել։ Մի քանի տասնամյակ շրջափակման մեջ եղած ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են, դրանք պետք է գործեն կողմերի ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխդարձության սկզբունքներով։ Այս սկզբունքները շատ բնական են, աշխարհում բոլորը կհամաձայնեն, իսկ Ադրբեջանից մենք լսում ենք, որ նրանք հարգում են այս սկզբունքները, մտադրություն չունեն խախտել ՀՀ ինքնիշխանությունը, բայց միաժամանակ առաջարկում են, որ երրորդ երկրի ուժեր տեղակայվեն, օր.՝ ՀՀ-ով անցնելիք երկաթգծի երկայնքով։ Նրանց ակնկալիքը նաև այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց անցնելու սահմանային ստուգման ընթացակարգեր, մաքսային հսկողություն։ Մենք հավատացած ենք, որ ՀՀ-ն կարող է ապահովել իր տարածքով անցնող ուղևորների անվտանգությունը, մենք կարող ենք դյուրացնել ընթացակարգերը, ժամանակակից, նորարար տեխնոլոգիաներն այդ հարցում կարող են օգտակար լինել, բայց ոչ ոք չի կարող մուտք գործել և դուրս գալ մեր երկրից առանց պատշաճ գրանցման։



-Ցանկանում եմ հարցնել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ, որոնք ազդում են միջազգային աշխարհակարգի վրա։ Պատերազմ է ընթանում Ուկրաինայում, Գազայում, գործ է քննվում Արդարադատության միջազգային դատարանում, հնարավոր է նոր հակամարտությունների բռնկում, մինչդեռ եղած հակամարտությունները ևս դեռ լիարժեքորեն կարգավորված չեն՝ լինի դա Սիրիան, թե Լիբիան։ ՄԱԿ-ում Ձեր գործընկերների հետ քննարկումներում անդրադառնու՞մ եք այն հարցին, թե ինչու՞ այս՝ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված համակարգը չի կարողացել կարգավորել այս հակամարտություններից ոչ մեկը։


-Վստահաբար չեմ կարող պատասխանել, թե ինչու, բայց կարող եմ ասել, որ հիրավի, մեր գործընկերներից շատերը, փաստացիորեն բոլորն աշխարհում ընդունում են, որ միջազգային աշխարհակարգի վատթարացումը հանգեցրել է մի շարք խնդիրների, և հիմա ժամանակն է, քաղաքական միտքը նաև ջանքեր գործադրի ավելի արդար, կայուն ու եկարատև աշխարհակարգ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, մարդկային արժեքների, կյանքերի փրկության համար։ Սրանք մեզ համար ընդհանրական բառեր չեն, սա այն է, ինչին մենք բախվել ենք մեր տարածաշրջանում։ Ես արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, մեր ինքնիշխան տարածք ներխուժումները, հակամարտությունները, որոնց միջով մենք անցել ենք տասնամյակներ շարունակ, իսկ հիմա փորձում ենք խնդիրներին լուծումներ գտնել։ Մենք տեսնում ենք, որ մենք միայնակ չենք այս հարցում։ Համաշխարհային մակարդակում պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն լուծումներ փնտրելու ուղղությամբ համար, որոնք, ցավոք, դեռ գտնված չեն։


-Ի՞նչ կցանկանայիք փոխել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ համակարգի այլ մեխանիզմներում՝ ձևավորելու ավելի արդար համակարգ։ ՄԱԿ-ը կոչված է լինելու հակամարտությունների կարգավորման, խաղաղության կենտրոն։ Ինչպե՞ս եք տեսնում դրա վերափոխումն այդ նպատակին ծառայեցնելու համար։ Ո՞րն է բացակայող բաղադրիչը։


-Բացակայող բաղադրիչը հարկադրումն է՝ բանաձևերի, որոշումների, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կյանքի կոչումը։ Մեր պարագայում ևս, ընդունվել են բանաձևեր, դատարանի որոշումներ, սակայն մենք չենք տեսնում դրանց իրականացումը տեղում՝ գետնի վրա։ Միջազգային իրավակարգը պատշաճորեն չի գործում և բացակայող բաղադրիչը գուցե հենց հարկադրումն է, դրանց իրականացումը։



Հարցազրույցի ընթացքում Միրզոյանը խոսել է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարի և դաշնակիցների ընդլայնան մասին, ինչպես նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։