«86,6 հազար կմ² տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը». Փաշինյան

86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հստակեցնելով, թե ինչ է նշանակում, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով։

 

«Բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք` Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու– Ստեփանակերտ ֆորմատով»,– նշեց Փաշինյանը։

 

Անդրադառնալով հարցին` արդյոք ՀՀ կառավարությունն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Փաշինյանը նշեց` ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

 

«86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և մեր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,– շեշտեց Փաշինյանը։

 

Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու երկխոսության ֆորմատում, և Հայաստանը կարևոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։

 

Փաշինյանը նշեց, որ միջազգային համապատասխան մեխանիզմների բացակայության դեպքում հնարավոր է` Լեռնային Ղարաբաղի հայությունն էթնիկ զտումների ենթարկվի։ Պետք են երաշխիքներ, որ նման քաղաքականություն չի իրականացվելու։

 

Լրագրողներից մեկը վարչապետին հիշեցրեց Հայաստանի Գերագույն խորհրդի` 1992 թվականի որոշումը, ըստ որի` Փաշինյանն իրավունք չունի ստորագրել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ։ Ավելի ուշ Հայաստանի Սահմանադրությունը կազմվել է այդ որոշման հիման վրա:

 

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված է փոքրիկ պատմական էքսկուրս անել։ Նա հիշեցրեց, որ 1989 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդը որոշում են ընդունել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: 1990թ Հայաստանն ընդունել է Անկախության հռչակագիրը՝ հղում անելով նաև վերոնշյալ որոշմանը։

Այնուհետև 1991թ–ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախությունը։

 

«Հարց է առաջանում՝ անկախություն ումի՞ց։ Եթե Հայաստանից, ապա արդյոք դա վերոհիշյալ համատեղ որոշման խախտում չէ։ Եթե խախտվել է, ինչու խախտողները պատասխանատվության չեն ենթարկվում: Եթե անկախություն հռչակվեց Ադրբեջանից, ապա կրկին, դա չի՞ խախտում Գերագույն խորհրդի և մարզխորհրդի համատեղ որոշումը: Չէ՞ որ եթե Լեռնային Ղարաբաղը վերամիավորվել է Հայաստանի հետ, ապա հիմա ումի՞ց է անկախանում»,– հռետորական հարց հնչեցրեց վարչապետը։

 

Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։

 

Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։

 

Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Քաղաքականություն