«էդպիսի մի հոգի չի եղել, որ կարողանա ինձ ճնշել, երբեք». Ավանի փոխթաղապետը` պաշտոնից ազատվելու պատճառի մասին

Տենց եմ ուզել, ես անկանխատեսելի մարդ եմ, միշտ էդպիսի մի բան անում եմ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Ներսես Պողոսյանն՝ անդրադառնալով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառին։

 

Դիտարկմանը, թե ճնշումների ներքո՞ է ազատման դիմում գրել, Պողոսյանն ասաց.

«Ինձ ոչ ոք չի կարող ճնշել, էդպիսի մի հոգի չի եղել, որ կարողանա ինձ ճնշել, երբեք»։

Ներսես Պողոսյանը նշեց, որ աշխատանքից ազատվելու որոշումը կապ չունի իր հետ տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերի հետ։

Նշենք, որ վերջերս Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին  քիչ չափաբաժնով հաշիշ:

Ավելի վաղ էլ Պողոսյանի մոտ հայտնաբերվել էր կաթուցիչ։

 

«Այո, ինձ մոտ կաթուցիչ հայտնաբերվել է, բայց, ինչպես մամուլում են լուրեր շրջանառվում, թե նաեւ թմրանյութ է հայտնաբերվել, անիրական է։ Ես փողոցով քայլել եմ, տեսել եմ այդ կաթուցիչը, դրել եմ գրպանս, որ հանկարծ որեւէ պատանու ձեռք չընկնի։ Դեպքը տեղի է ունեցել Ոստիկանության ուժեղացված ծառայության ժամանակ»,- լրատվականին տված հարցազրույցում ասել էր փոխթաղապետը և հավելել, որ կաթուցիչը եղել է դատարկ վիճակում։

 

Հարցին, թե ինչով է զբաղվելու, Պողոսյանը կարճ պատասխանեց.

«Իմ կյանքով եմ ապրելու»։

Քաղաքականություն

Պատահարներ