
Մեծ անհանգստության առիթ եմ տեսնում. Վարդևանյանը՝ Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել բանակցությունների մասին

Բրյուսելյան բանակցություններին հաջորդած հայտարարությունը մի քանի մասշտաբային թերություն ունի։ Այնտեղ Արցախ բառը հիշատակված չէ։ Ինչպես է ստացվում, որ նույն ՀՀ այս իշխանությունները խոսում են Արցախում հումանիտար աղետի մասին և դրանից հետո ոչ մի բառ անգամ չի հիշատակվում չորս ժամ տևած քննարկումներից ծնված հայտարարության մեջ։ Ինչպես չի խոսվում այն մասին, որ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն Արցախում։ Այսինքն՝ ՀՀ-ն դա չի պաշտպանել, եթե դա լիներ սկզբունքային, դրույթ, պահանջ, չէր կարող դա չլինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ խոսվում է դեմարկացիա-դելիմիտացիայի մասին, մինչդեռ, եթե մենք ունենք Արցախի հարցով այս իրավիճակը, ինչով է պայմանավորված, որ խոսում ենք դեմարկացիա-դելիմիտացիայի մասին։
«Այսինքն՝ գնում ես դեմարկացիա-դելիմիտացիա անես մի երկրի հետ, որն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում Արցախում, որն ընդհուպ մինչև գազ է անջատում, որ մարդկանց հոգեբանորեն ահաբեկի, որը մինչ օրս զինված գործողություններ է իրականացնում Արցախում։ Չեմ հասկանում՝ այս իշխանությունները չե՞ն նկատում, որ մի քանի օր առաջ մենք հերթական անգամ զոհեր ենք ունեցել։
Այդ պայմաններում ու՞ր ես գնում դեմարկացիա-դելիմիտացիա անում»,- նշեց Վարդևանյանը։
Ըստ նրա՝ խայտառակ իրավիճակի այլընտրանքը պատերազմը չէ, չի կարելի ՀՀ ներսում անհասկանալի վախեցնելու քաղաքականություն վարել, պատերազմի առկայության հնարավորության կամ այդ հանգամանքները չեն նշանակում, որ պետք է դրա համար ամեն անգամ գնաս ու «ամեն ձև քեզ կզած պահես»։
Մյուս հանգամանքը, որն առանձնացրեց Վարդևանյանն, այն էր, որ հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին ոչինչ նշված չի եղել։ Վարդևանյանը նշեց, որ մեծ անհանգստության առիթ, առարկա է տեսնում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ 4,5 ժամ տեւած բանակցությունների արդյունքներով ձեռք է բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Միաժամանակ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։