
Առաջին եռամսյակում ՀՀ է ժամանել 142 հազարից ավելի ռուսաստանցի. Միգրացիոն ծառայության պետ

Առաջին եռամսյակի ընթացքում Հայաստան է ժամանել 142 հազարից ավելի ռուսաստանցի, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նա ներկայացրեց նաև, թե Ուկրաինայից եկած քաղաքացիներից քանիսն են դիմել ապաստան ստանալու:
«Առաջին եռամսյակի ընթացքում Ռուսաստանի անձնագրերով Հայաստանի Հանրապետության սահմանահատումներ տեղի են ունեցել 142 հազարից ավելի` մուտքը, 130 հազարից ավելի ելք է եղել, և տարբերությունը շուրջ 4 հազար է: Բայց ոչ մի պարագայում չենք կարող ասել, որ ընդամենը ժամանել է 4 հազար ՌԴ քաղաքացի… մնացել է, այո, չենք կարող այդպես ասել: Դա ընդամենը սահմանատումների տարբերությունն է, այն էլ մեկ եռամսյակի կտրվածքով, որն ընդհանուր առմամբ ուղղակի կարող է դինամիկայի մասին որոշակի պատկերացում տալ»,- ասել է Արմեն Ղազարյանը:
Նա նշել է, որ այսօրվա դրությամբ ունենք Ուկրաինայի քաղաքացիների շուրջ 80 ապաստանի հայցեր: Նրանց կեսից ավելին ազգությամբ հայեր են:
«Ուկրաինայի մասով ևս այս տարվա առաջին եռամսյակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերի քանակն ավելացել է կրկնակից ավելի: Անցած տարի մենք ունեցել ենք մուտքեր շուրջ 2500, այս տարի արդեն շուրջ 6 հազար: Տարբերությունն ընդհանուր առմամբ 400-ի կարգի է, բայց կրկին չենք կարող ասել, որ ընդամենը 400-ն են մնացել Հայաստանում»,- ասել է նա: