
Թուրքիայի ՊՆ-ն՝ Սև ծովում նավագնացության վտանգի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում ականի հայտնաբերումից հետո նավագնացությանը ոչինչ չի սպառնում։
«Ներկա պահին բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ չկան»,- նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
Աքարը նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է նավեր տրամադրել Մարիուպոլից խաղաղ բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար։
«Տարհանման գործընթացին աջակցելու Անկարայի պատրաստակամության մասին փոխանցվել է Թուրքիայում Ռուսաստանի ռազմական կցորդի ուշադրությանը, ով հրավիրվել է մեր պաշտպանական գերատեսչություն։ Նման նախաձեռնություն Ռուսաստանի իշխանություններին է փոխանցվել Մոսկվայում Թուրքիայի ռազմական կցորդի միջոցով։ Մենք նաև համաձայնեցնում ենք մեր ջանքերը Ուկրաինայի իշխանությունների հետ՝ այդ երկրի ռազմական կցորդի միջոցով»,- ասել է նա։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին Բոսֆորում ական հիշեցնող անհայտ առարկայի հայտնաբերման մասին։ Ավելի ուշ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել էր , որ հայտնաբերվածը հնացած ական էր և այն վնասազերծվել էր։ Գործողության ընթացքում նեղուցով նավարկությունը դադարեցվել էր։