
Գերմանիայում որոշ մանրածախ ցանցեր սահմանափակել են ալյուրի և կարագի վաճառքը

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Գերմանիայում ալյուրի և բուսական յուղի պահանջարկը կտրուկ աճել է, հաղորդում է Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայությունը (Destatis):
Գործակալության տվյալներով՝ վաճառքի կտրուկ աճ է գրանցվել արդեն փետրվարի 21-ից 27-ը ընկած շաբաթվա ընթացքում։ Բուսական յուղի պահանջարկը մարտի 7-13-ն ընկած ժամանակահատվածում 123%-ով բարձր է եղել, քան կես տարի առաջ, իսկ ալյուրի վաճառքը 206%-ով բարձր է եղել 2021 թվականի սեպտեմբերի մակարդակից։
Մարտի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում այս ապրանքների վաճառքի աճը դանդաղել է։ Նախորդ շաբաթվա համեմատ իրացված բուսական յուղի ծավալը նվազել է 22%-ով, իսկ ալյուրինը՝ 19%-ով։ Միաժամանակ պահանջարկը մնում է բարձր՝ հաշվի առնելով, որ մատակարարման հնարավոր խափանումների ազդանշաններ չկան, նշում է Destatis-ը։
Նշվում է, որ շատ մանրածախ ցանցեր սահմանափակել են ալյուրի և կարագի վաճառքը մեծ պահանջարկի պատճառով։
Հիշեցնենք որ մարտի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և դրա ֆինանսատնտեսական հետևանքները աշխարհին սպառնում են գլոբալ սովով՝ սննդամթերքի, պարարտանյութերի և էներգիայի գների աճի պատճառով: