Հասարակություն

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել Արցախում ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել Արցախում ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
 

«Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը և ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլև որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
 

Վարչապետը նաև ՌԴ նախագահին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին ուղղված, բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի մասին:
 

Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները և ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր են առաջացնում և ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար:
 

Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:
 

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250