
Թուրքիան «հայկական ճակատ» է պատրաստում Ռուսաստանի համար. Wargonzo

Թուրքիան «հայկական ճակատ» է պատրաստում Ռուսաստանի համար: Այս մասին գրում է Wargonzo նախագիծը:
Նշվում է, որ Հայաստանից ու Արցախից այժմ մտահոգիչ լուրեր են գալիս: Նախագծի աղբյուրները հայտնում են, որ Արցախի ՊԲ-ում հայտարարվել է թիվ մեկ տագնապ:
Մինչ Ռուսաստանի ուշադրությունն ու հիմնական ուժերը շեղված են Ուկրաինայում ռազմական գործողության վրա, նրա հարավային սահմաններին՝ Անդրկովկասում, Ադրբեջանը, թուրքական լավագույն ավանդույթներով, պատրաստվում է թիկունքից հարված հասցնել։
Ադրբեջանցիները զինտեխնիկա են քաշել սահմանազատման գծի մոտ գտնվող բնակավայրեր և սիստեմատիկ գնդակոծել են հայկական կողմի գյուղերը։ Գնդակոծված բնակավայրերում ռուս խաղաղապահներն իրականացրել են բնակչության մասնակի տարհանում և լրացուցիչ դիրքեր տեղակայել։
Բանակցություններից հետո կողմերը պայմանավորվել են հետ քաշվել, սակայն երբ ռուս խաղաղապահները կատարել են պայմանավորվածությունները, ադրբեջանական զինուժը առաջ է անցել և գրավել ռազմավարական բարձունքը Ասկերանի շրջանում։
Սադրանքին հաջորդում է սադրանքը: Օգտվելով այն հանգամանքից, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով գազատար է անցնում, ադրբեջանցիները պարբերաբար անջատում են գազը։ Հայկական գյուղերում մարդիկ տաքանում են վառելափայտով, իսկ քաղաքներում վատնում են էլեկտրաէներգիան՝ առաջացնելով գերբեռնվածություն և հոսանքազրկում։
Միաժամանակ ադրբեջանական մամուլում սկսվել և արդեն իրականացվում է ռուսական խաղաղապահ զորախմբին վարկաբեկելու արշավ:
Ըստ @wargonzo-ի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Բաքու են թռչում բեռնատար ինքնաթիռներ՝ զենքով։ Ադրբեջանական բանակը պատրաստվում է Նախիջեւանի կողմից մուտք գործել Սյունիքի եւ Արարատի շրջաններ։
Ներկայիս էսկալացիայի հետ կապված՝ հայկական զինված ուժերը բերվել են բարձր պատրաստականության։