
G7-ը կոչ է արել ՕՊԵԿ-ին ավելացնել նավթի և գազի արդյունահանումը Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար

«Մեծ յոթնյակը» կոչ է արել ՕՊԵԿ-ի երկրներին և նավթ ու գազ արդյունահանող մյուս երկրներին մեծացնել էներգառեսուրսների մատակարարումը համաշխարհային շուկայում՝ Ռուսաստանից արևմտյան երկրների կախվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ, որն այսօր անցկացվել է Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
«Մենք քայլեր ենք ձեռնարկում ռուսական էներգակիրներից մեր կախվածությունը նվազեցնելու համար, միասին աշխատելու ենք այս ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք ապահովելու ենք հուսալի այլընտրանքային և կայուն մատակարարումներ և գործելու ենք համերաշխության և սերտ համակարգման ոգով մատակարարման հնարավոր խափանումների դեպքում։ Մենք մեր հանձնառությունն ենք հայտնում ակտիվորեն աջակցել այն երկրներին, որոնք ցանկանում են աստիճանաբար վերացնել իրենց կախվածությունը ռուսական գազից, նավթից և ածուխի ներկրումից»,- ասվում է կոմյունիկեի մեջ։