Երևանի կեղտաջրերը հոսում են Արարատյան դաշտ. 10,4 մլն եվրոյանոց մաքրման կայանը չի շահագործվում. Հետք

Կեղտաջրերի մաքրման ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանի մյուս երկրներին զգալիորեն զիջում է։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Հանրապետությունում մասնակիորեն գործում է մեխանիկական մաքրման 6 կայան։ Կեղտաջրերի մոտ 92%-ը առանց մաքրվելու թափվում է շրջակա միջավայր, դրանք լցվում են ջրանցքները և ոռոգում դաշտերը։ Կենցաղային կեղտաջրերից առավել վտանգավոր արտադրականն են, որոնք առաջանում են արդյունաբերական գործունեության հետևանքով։ Դրանք պարունակում են բազմաթիվ թունավոր մասնիկներ, և դաշտերը ոռոգելիս, ի վերջո, այդ տարրերը հայտնվում են այնտեղ աճեցված պտուղ-բանջարեղենի մեջ։
 

Այս խնդիրը մասամբ լուծելու համար Երևանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանի տարածքում 2015-2016թթ․-ին կառուցվեց կեղտաջրերի մեխանիկական մաքրման նոր կայան։ Կառուցումից հետո, երբ այն արդեն պետք է շահագործվեր, գործընթացն անակնկալ ձևով փակուղի մտավ։ 

 

2016թ․-ի հունիսի 8-ին, երբ դեռ կայանը շինարարության փուլում էր, այն ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այցելեց կայանի տարածք և տեղում ծանոթացավ կառուցման ընթացքին։ Նա հանձնարարել էր խստորեն հետևել սահմանված չափորոշիչների և ժամկետների պահպանմանը: Կայանը կառուցվեց, չափորոշիչները պահպանվեցին, ժամկետները՝ նույնպես, սակայն այն արդեն հինգ տարուց ավելի է՝ չի շահագործվում։
 

Նոր կայանի կառուցման համար հատկացվել էր 10,4 մլն եվրո, սակայն այսքան ժամանակ չօգտագործվելուց հետո, առանց նոր ներդրումների այն հնարավոր չէ շահագործել։

 

«Աերացիա» ԿՄԿ-ի նոր շենքը, որն օրեցօր կորցնում է իր կենսունակությունը, սկսել է կառուցվել 2015թ․-ի սկզբից, շինարարությունն ավարտվել է 2016-ի դեկտեմբերին։ Նոր կայանի կառուցման համար հատկացրած գումարը Հայաստանին Ֆրանսիայի կառավարության տրամադրած վարկի մի մասն էր։ 

2008թ․-ի մայիսին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կնքվել է ֆինանսական արձանագրություն, որով Ֆրանսիան առավելագույնը 24,9 մլն եվրո է տրամադրում Հայաստանին Երևանի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման համար: Տրամադրված գումարից 500 հազ. եվրոն եղել է դրամաշնորհ, իսկ 24,4 մլն-ը՝ վարկ՝ տարեկան 1,75%-ով, առավելագույնը 20 տարի մարման ժամկետով, որից հինգ տարին՝ արտոնյալ պայմաններով․ մարվել են միայն տոկոսագումարները։
 

Պայմանագրի կարևոր պահանջներից մեկն էր, որ իրականացվող ծրագրերի համար սարքավորումների և ծառայությունների գնումը 70%-ով պետք է կատարվեր Ֆրանսիայից։ Այս հանգամանքով պայմանավորված՝ «Աերացիա» մաքրման կայանի կառուցման համար 10,4 մլն եվրոյանոց պայմանագիր է կնքվում ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության դուստր «ՍԱԴԵ» ՋԱԳԸ ընկերության հետ։ Ընդ որում՝ նախքան կայանի կառուցման համար հայտարարված մրցույթում հաղթելը, այս ընկերությունը, 2008թ․-ից սկսած, Հայաստանում կառուցապատման մի շարք մրցույթներում հաղթող է ճանաչվել։
 

Նոր կայանի կառուցման համար տարածք ազատելու նպատակով  Կառավարության որոշմամբ հին կայանի որոշ հատվածներ ապամոնտաժվել են։ Արբանյակից արված լուսանկարները թույլ են տալիս տեսնել, թե ինչ կար այդ հատվածում նախքան շինարարության մեկնարկը։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն