
Երևանն ավելի լավ կկառավարվի. Փաշինյանը՝ Մարությանի իմպիչմենթի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի փոփոխության հետ կապված ինստիտուցիոնալ խնդիր է տեսնում:
«Սա ինստիտուցիոնալ պրոբլեմ է: Մեր երկրում պետական ինստիտուտները չեն կայացել: Եվ մենք երբեք թույլ չենք տվել պետական ինստիտուտները կայանան: Եվ այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել մի կարևոր փաստի վրա. մենք շատ երկար՝ միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստն այն էր, որ կա ավագանի, և կա քաղաքապետ, և կա առաջին քաղաքապետ, որն էլի ավագանու անդամ է: Եվ մենք հիմա՝ 2021 թվականին, 4000-ից ավելի բնակչություն ունեցող բոլոր քաղաքների և համայնքների ընտրությունները դարձրել ենք համամասնական ցուցակով, որտեղ ընտրվում է կուսակցությունը, և ոչ թե անձը: Քաղաքապետն էլ ընտրվել է կուսակցական ցուցակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարևորեց այն, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը սկզբունքայնություն դրսևորեց և կայացրեց քաղաքականապես ճշգրիտ և գրագետ որոշում: