Հայաստանը իր ազգի շահերի հաշվին Թուրքիայի հետ հարաբերություններ չի կառուցի. Զարեհ Սինանյան

Համոզված եմ, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններ չի կառուցի իր ազգի շահերի հաշվին։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է Հայաստանի վարչապետին առընթեր սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
 

Հարեւանների հետ նորմալ հարաբերությունները, նրա խոսքով, բխում են Հայաստանի անվտանգությունից, բայց դրանք չպետք է կառուցվեն նրա ազգային պատվի, ապագայի եւ ինքնության հաշվին։ «Մինչեւ այս պահը ես չեմ տեսել որեւէ նախանշան, որ մեր կողմից Թուրքիայի հետ կապված որեւէ գործընթաց տեղի է ունեցել մեր ազգային հարցերի եւ պատմության հաշվին։
 

Եւ ես չեմ կարողանա համոզել սփյուռքին աջակցել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, եթե նա անտեսի որոշակի փաստեր եւ ճշմարտություններ, որոնք այդ երկիրը պարտավոր է ընդունել, եթե մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ ունենալ»,- նշել է նա։

 

Զարեհ Սինանյանը նաև բացատրել է, թե ինչու երբեք չի այցելել Իրան: 

 

«Ես պետք է Իրան այցելեի 2019 թվականին, սակայն Իրանի դեսպանի խորհրդով այցը հետաձգվեց, քանի որ Իրանում պետք է անցկացվեին ընտրություններ։ Այցը հետաձգվեց մինչեւ 2020 թվականի մայիս։ Սակայն մարտին սկսվեց պանդեմիան, եւ Իրան այցն անհնարին դարձավ: Հետո սկսվեց պատերազմը։
 

2020 թվականի փետրվարից ես ոչ մի երկրում չեմ եղել, բացի Լիբանանից (Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո)։ Անպայման կգնամ Իրան։ Մենք մշտական ​​կապի մեջ ենք իրանահայերի հետ, լավ հարաբերություններ ունենք նրանց հետ»,-նշեց նա։

Քաղաքականություն