2016-ին տեղի ունեցավ աղետ. արցախյան խնդրի լուծումն ուզում էին տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ. Փաշինյան

Որո՞նք են ԼՂ սահմանները, ՀՀ-ն բարձրացնելո՞ւ է Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի հարցը: Այս հարցերն այսօր առցանց ասուլիսի շրջանակներում ուղղվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նշեց, որ կարևոր է հանրությանը ներկայացնել բանակցային գործընթացի բոլոր շերտերը, ապա ուշադրություն հրավիրեց մի թեմայի վրա, այն է` ԼՂԻՄ-ը որևէ բանակցության ընթացքում չի դիտարկվել որպես զուտ հայկական միավորում, երբևէ չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը, այն, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, նաև նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է թեմայի մեջ: 
 

«Էսօր արվում են հայտարարություններ, որ 2018-ին առկա բանակցային բովանդակության հետ որևէ կապ չունեն, կամ վերցնում են մի նախադասություն, դարձնում դրոշակ, բայց այդ փաթեթը մի նախադասությունից չի կազմված: ԼՂԻՄ-ն ընկալվել և դիտարկվել է որպես հայկական ու ադրբեջանական միավորում առնվազն բնակչության մասով: Թող ինձնից առաջ բանակցողներն ասեն՝ որտե՞ղ պետք է բնակվեին ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները»,- ասաց նա:
 

Փաշինյանը նշեց, որ 2016-ին ներկայացվել է բանակցությունների երեք փաթեթ, որտեղ առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ:
 

«Բայց աղետը սա չէ. այդ փաթեթներում, որ հայկական կողմից քարոզվում են, ոչ մեկը չի ասում, որ ԼՂ իրավիճակը և կարգավիճակը ճշգրտելու հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի ԱԽ: ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ խորհրդակցելով բոլոր կողմերի հետ, որոշում է կայացրել՝ ԼՂ հարցը լուծելու է միջազգային հանրությունը»,- ասաց նա:
 

Փաշինյանը հիշեցրեց` ՄԱԿ-ի ԱԽ-ն 2016-ին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: 

Քաղաքականություն