
Երեկ հեռացվել են ավագանու իշխող թիմի ամենից շատ ջանք գործադրած, ամենաբանիմաց, ամենանվիրված անդամները. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ ասում են «Հայկի կյանքը շատ ավելի լավը կլինի, հանգիստ կապրի»:
Հայկ Մարությանը թող ինձ ների, բայց իր հարցը չի, որ ինձ ամենից շատն է հունից հանել:
Երեկ հեռացվել է ոչ միայն Հայկ Մարությանը: Երեկ հեռացվել է որոշումների հիմքում համայնքի շահը ու երևանցու՝ օրակարգ թելադրող լինելը:
Երեկ հեռացվել են ավագանու իշխող թիմի ամենից շատ ջանք գործադրած, ամենաբանիմաց, ամենանվիրված անդամները: Ու նրանց կորուստը չի կարող համայնքին օգուտ բերել, վնաս է բերելու՝ նաև շատերի մոտ ի սպառ վերացնելով պետական ու համայնքային կյանքում դերակատարություն ունենալու ցանկությունը:
Երբ ասում եք «ոչինչ, օրենքով է», հարց եմ ուզում տալ. պատկերացրեք հիվանդանոցում եք աշխատում, որտեղ ձեր գործընկերներին՝ ամենալավ բժիշկներին հեռացնում են աշխատանքից կամ պայմաններ ստեղծում, որ թողնեն գնան, չկարողանան աշխատել: Նրանց տեղը բերում են նորերի, որոնք դեռ տևական ժամանակ պիտի անատոմիա ուսումնասիրեն վիրահատելու համար:
Լրիվ նույն իրավիճակն է Երևանի ավագանիում:
Նորմա՞լ է: Ո՞նց կզգայիք, եթե այդ հիվանդանոցի աշխատող լինեիք: Պացիենտների համար էլ հանգի՞ստ կլինեիք»,- գրել է նա: