
Կվերագործարկվի Իսլամաբադ – Թեհրան – Ստամբուլ երթուղին

Պակիստանը, Իրանը և Թուրքիան հայտարարել են Իսլամաբադը, Թեհրանն ու Ստամբուլն իրար կապող երկաթուղային կոնտեյներային ծառայության վերագործարկման մասին: Այս մասին հաղորդում Է Gulf News թերթը:
Հաղորդվում է, որ առաջին բեռնատար կազմը դեկտեմբերի 21-ին իր ճանապարհն է սկսել Պակիստանի մայրաքաղաքից: Պակիստանի Maxtelz Logistics բեռնատար ընկերության ղեկավար Գոար Զիան հայտարարել է, որ երկաթուղային հաղորդակցությունը զգալիորեն կնվազեցնի Պակիստանից Թուրքիա ապրանքների փոխադրման արժեքը, իսկ բեռնատար կազմերի շարժման գործարկումը Պակիստանին տարեկան առնվազն 32 մլն դոլար եկամուտ կբերի։
Երթուղու երկարությունը 6 656 կմ է, իսկ գնացքի անցնելու համար պահանջվում է 12 օրից պակաս։
Գործակալությունը նշում է, որ Իսլամաբադ – Թեհրան – Ստամբուլ երթուղին, որը ստացել է ITI (Islamabad – Tehran – Istanbul) միջանցքի անվանումը, գործարկվել է 2009 թվականին:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ ITI միջանցքը կարող է այլընտրանք դառնալ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ առեւտրի համար: