
Իսրայելում առաջին անգամ խոստովանել են Սոլեյմանիի սպանությանն իրենց մասնակցությունը

Իսրայելի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Թամիր Հայմանը հաստատել է Իսրայելի մասնակցությունը Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Այս մասին, Eadaily-ի հաղորդմամբ, այսօր գրել է The Jerusalem Post-ը:
Նշվում է, որ Սոլեյմանիի սպանությանը Թամիր Հայմանը անդրադարձել է Malam ամսագրին տված հարցազրույցում, որն ի դեպ հրատարակվում է Իսրայելի հետախուզության հիշատակի և ժառանգության կենտրոնի կողմից:
«Սուլեյմանիի սպանությունը մեծ նշանակություն ուներ, քանի որ մեր գլխավոր թշնամին Իրանն է… Հազվադեպ է լինում գտնել բարձրաստիճան մեկին, ով միաժամանակ ցամաքային օպերատոր է, ստրատեգ և մարտիկ… Մենք ընդհատել ենք զենք և փող տեղափոխելու շատ ուղիներ, և այս ամենի նպատակն է թույլ չտալ, որ իրանցիները ամրապնդվեն Սիրիայում»,- նշել է իսրայելցի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար «Ղուդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին։