
«Իմ քայլը» խմբակցությունը կբոյկոտի Երևանի ավագանու վաղվա նիստը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի ավագանու վաղվա` դեկտեմբերի 21-ի նիստին։ Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։ Պատճառը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ քաղաքական հակասություններն են։
«Հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին»,– հայտարարում է «Իմ քայլը»։
«Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,- նշվում է հայտարարությունում:։