Իմքայլական Գրիգոր Երիցյանը դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը որոշում է կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները։ Երիցյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է իր որոշման մասին։

«Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը»,–գրել է նա։

Երիցյանը նշել է, որ անկախ ներթիմային տարաձայնություններից՝ վերջին 3 տարիների ընթացքում հեղինակել է մի շարք համայնքային օրենսդրական նախագծեր, իր ներդրումն է ունեցել քաղաքի համար առանցքային բարեփոխումների իրականացմանը, փորձել է երևանցիների ձայնը լսելի դարձնել քաղաքային տնտեսությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում։

Երիցյանը հավելել է, որ հավատարիմ է մնացել իր սկզբունքներին և 2018-ի հեղափոխության արժեքներին: Նա շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար:

 

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։

 

 

Քաղաքականություն