«Ռոստելեկոմը» մտադիր է հայաստանյան դուստր ձեռնարկությունը վաճառել 25 միլիոն դոլարով. ով է հավանական գնորդը

«Ռոստելեկոմը» մտադիր է հայաստանյան դուստր ձեռնարկության` GNC-Alfa–ի ակտիվները վաճառել նախնական 25 մլն դոլարով։ Այս մասին, Интерфакс-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է «Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին։

 

Հայաստանյան տելեկոմ-օպերատորի վաճառքի մասին հայտնի էր դարձել նոյեմբերի սկզբին: Օսեևսկին նշել է, որ այժմ կա մեկ պոտենցիալ գնորդ, սակայն նա չի նշել, թե կոնկրետ ում մասին է խոսքը:

 

Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները, հղում անելով Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) գրել էին, որ պոտենցիալ գնորդը Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունն է, որը ցանկանում է բաժնետոմսեր գնել Molitro Holdings Limited-ի միջոցով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման մենաշնորհ է և պատկանում է «Տաշիր» խմբին, որի թիկունքում կանգնած է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։

 

2012-ի փետրվարին «Ռոստելեկոմը» դարձավ GNC Alfa–ի գլխավոր բաժնետերը` 22,5 մլն դոլարով ձեռք բերելով ընկերության 75%–ը`հանած մեկ բաժնետոմս, ինչպես նաև օպցիոն ստացավ ձեռք բերելու մնացած 25%–ը գումարած մեկ բաժնետոմս։ 2019 թվականի օգոստոսին «Ռոստելեկոմն» օգտվեց այդ օպցիոնից և ձեռք բերեց մնացած բաժնետոմսերը։

 

Քաղաքականություն