
ՆԱՏՕ-ն ահաբեկչական կազմակերպություն է, այն պետք է ամբողջությամբ վերացնել. ֆինն քաղաքագետ

Ֆինն քաղաքագետ և իրավապաշտպան Յոհան Բեքմանը Ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպայում մեծ թվով պոտենցիալ թեժ կետեր են առաջացել, սակայն իրավիճակը կայունացնելու համար պետք է խելամիտ քաղաքականություն վարել, գրում է Lenta.ru-ն։
Նա ՆԱՏՕ-ն անվանել է ահաբեկչական կազմակերպություն՝ կոչ անելով այն ամբողջությամբ վերացնել նոր այլընտրանքային կառույց ստեղծելու համար:
Նրա կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը վաղուց արդեն անհարկի սադրիչ կառույց է։ Փորձագետն անհրաժեշտ է համարում անվտանգության նոր կազմակերպություն ստեղծելը, որը կներառի Չինաստանը։
«ՆԱՏՕ-ն խորը ճգնաժամի մեջ է և ելք է փնտրում այս իրավիճակից։ Բայց խնդիրն այն է, որ դաշինքի ղեկավարության մեջ խելացի մարդիկ չկան։ Սրանք տխրահռչակ ռուսաֆոբներ են, ովքեր նոր հորինվածքներ են ստեղծում, թե Ռուսաստանը «ինչ-որ հիբրիդային գործողություններ է նախապատրաստում»: Սա արդեն պարանոյա է, որը նոր չափերի է հասել։ Ես վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի հետո, քանի որ նրանք կարող են ձեռնարկել նոր սադրանքներ և հարձակումներ»,- ասաց մասնագետը։
Բեքմանը հիշեցրեց նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին լեհ սպաների համազգեստով նացիստների հարձակումը Գլեյվիցի ռադիոկայանի վրա՝ Լեհաստանի վրա գերմանական հարձակման պատրվակ ստեղծելու համար:
Քաղաքագետի կարծիքով՝ ներկայումս ՆԱՏՕ-ն կարող է նման բան պլանավորել Ռուսաստանին սադրելու համար։