Ինչ են քննարկել Փաշինյանն ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները

Վարչապետի հետ քննարկեցինք Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի առնչությամբ ստեղծված քաղաքական ճգնաժամը: Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով խմբակցության անդամների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որը քիչ առաջ ավարտվել է:
 

Գալջյանը հայտնեց, որ շուտով կտարածվի հայտարարություն, բայց նաև նշեց, որ առկա են քաղաքական ուղենիշի տարբերություններ:
 

«Պարոն Մարությանն արդեն մեկ տարի է՝ 2020թ. նոյեմբերից, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որից հետո քաղաքական ճգնաժամ է սկսվել: Մոտ մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, բայց, ցավոք սրտի, դա մեզ չի հաջողվել: 2018թ. պարոն Մարությանը դարձել է ՔՊ անդամ, որից հետո կուսակցության վարչությունը նրան առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու, տեղի է ունեցել քարոզարշավ՝ հիշում եք՝ ինչպիսի քարոզարշավ է եղել, եւ երկու տարի անց պարոն Մարությանը դուրս է եկել կուսակցությունից, ինչը քաղաքականապես անտրամաբանական է»,- նշեց Գալջյանը:

 

Հարցին՝ ինչպե՞ս է կոնկրետ դրսևորվել այդ ճգնաժամը, ինչպե՞ս է Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալն իր վրա զգացել երևանցին, խմբակցության ղեկավարը նկատեց.

 

«Դա, միգուցե, հաճախ չի արտահայտվել, քաղաքացիները չեն նկատել, բայց թե՛ կառավարության հետ փոխհարաբերություններում, աշխատանքային տարբեր հարցերում, թե՛ Երևանի ավագանու հետ հարաբերություններում, ուղղակի մենք դա հանրային կերպով չենք դրսևորել»,- նշեց Գալջյանը:


 

Քաղաքականություն

Պատահարներ