«Իմ քայլը» քաղաքապետի պաշտոնում նոր թեկնածու է առաջադրել

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ խմբակցությունը նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց: Երևանի քաղաքապետի պաշտոնում դաշինքն առաջադրել է գործող առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:
 

Հայտարարությունում մի քանի պատճառ է նշվում, թե ինչու է խմբակցությունը Մարությանին անվստահություն հայտնում։ Առաջին պատճառը Մարությանի՝ 2020 թվականի դեկտեմբերին իր դիմումի համաձայն ՔՊ կուսակցությունը և «Իմ քայլը» դաշինքը լքելն է և իր քայլերով վերջիններիս հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չկիսելու որոշումը հաստատելը։
 

Երկրորդ՝ ըստ խմբակցության՝ Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները։
 

Որպես երրորդ պատճառ նշվում է, որ գործող քաղաքապետը բավարար չափով չի իրականացնում Երևանի քաղաքապետարանից համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը։
 

«Իմ քայլը» խմբակցությունը վերջում Հայկ Մարությանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան «իր նոր քաղաքական հանգրվանում»։
 

Հիշեցնենք` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նախնական տվյալներով` 39 ստորագրություն արդեն կա։ Գործընթաց սկսելու համար 33 ստորագրություն է անհրաժեշտ։

Քաղաքականություն

Պատահարներ