
ԱՄՆ-ում կարող է արգելվել Johnson & Johnson հակաքովիդային պատվաստանյութը՝ թրոմբների առաջացման պատճառով

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների փորձագետները գնահատելու են Johnson & Johnson-ի հակաքովիդային պատվաստանյութի օգտագործման սահմանափակումների հնարավորությունը արյան մակարդման վտանգի պատճառով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ապրիլին պատվաստանյութի օգտագործումն արդեն սահմանափակվել էր, երբ պատվաստված մարդկանց մոտ արյան մակարդման եզակի դեպքեր էին գրանցվել։
Իմունականխարգելման պրակտիկայի խորհրդատվական կոմիտեին կներկայացվեն նոր տվյալներ, որոնք ըստ էության ցույց են տալիս, որ Johnson & Johnson պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ թրոմբների առաջացման դեպքերն ապրիլից հետո աճել են, թեև խնդիրը դեռ հազվադեպ է հանդիպում:
Պարբերականը հայտնում է, որ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում J&J պատվաստանյութով պատվաստվածների շրջանում գրանցվել է մահվան վեց դեպք։
Նշվում է, որ այս ընթացքում ընկերությունը տրամադրել է պատվաստանյութի 14 մլն չափաբաժին։