
Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու դատարան

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում է սկսել։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Ասլանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Կարծում եմ, որ հանրությունը տեղեկացված է ընտրությունների արդյունքների մասին։ Գիտենք, որ երկու օրից պետք է ավագանու նիստ պետք է լիներ, որտեղ արդեն քաղաքապետի ընտրության հարցը պետք է քննարկվեր, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայց է ներկայացվել դատարան, մեկ շաբաթով հետաձգվել է այդ նիստը։ Այս ընթացքում տարօրինակաբար զուգադիպել են այս իրադարձությունները, չնայած մեզ համար տարօրինակություններ չեն դա։ Մենք գտնում ենք, որ դա հատուկ նպատակով է իրականացվել, որպեսզի քրեական հետապնդում սկսեն և Ասլանյանին կալանավորեն, որ Ասլանյանն այդ նիստին չկարողանա ներկա գտնվել»,- նշեց փաստաբանը։
Լուսինե Սահակյանը պնդեց, որ Ասլանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ակնհայտ ապօրինի է։
Փաստաբանը հայտնեց, որ քննիչն Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով էլ՝ քանի որ գործընթացն արդեն իսկ նախաձեռնվել է քաղաքական իշխանության հրահանգով, ապա շարունակական գործընթացները ևս տեղի են ունենալու այդ գծի մեջ:
« Կանխատեսել, թե հետագայում այս քաղաքական հետապնդումն ինչ դրսևորում կունենա, այս պահին անշնորհակալ գործ է։ Մենք տևական ժամանակ է առնչվում ենք քաղաքական հետապնդումների այնպիսի որակի հետ, որ անգամ տրամաբանական բացատրություն գտնել ժամկետների, մեղադրանքների հետ կապված՝ անիմաստ է»,- ասել է նա: