ՈՒՂԻՂ․ Պարտադիր պատվաստումների դեմ բողոքի ակցիա նախարարության դիմաց

ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է։ Քաղաքացիները հավաքվել են՝ հանդիպում խնդրելու նախարարի հետ։ Նաև գրավոր էին իրազեկել առաջարկի մասին։ Հարցադրումներն կապված էին պարտադիր պատվաստման, ամսական 2 անգամ վճարովի ՊՇՌ թեստավորման և մարդկանց ապօրինի և անհիմն աշխատանքից ազատելու հետ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։ 

 

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ հավաքվածներին զգուշացրել են, թե մի քանի րոպեի ընթացքում կպատասխանեն՝ կընդունի նախարարը նրանց, թե ոչ, սակայն հավաքվածները ստիպված էին սպասել կես ժամից ավելի։ Որոշեցին նորից հավաքվել և ճշտել՝ արդյոք ընդունելություն լինելո՞ւ է։ Ոստիկանության աշխատաիցները այդ պահին բերման են ենթարկել բժիշկ Հովհաննես Գևորգյանին։

«Մեզ համար անհասկանալի պատճառներով բժշկին բերման ենթարկեցին։ Ընդամենը ճշտելու համար, թե որ բաժանմունք են տանում, փորձեցին ինձ էլ բերման ենթարկել։ Մինչև հիմա դեռ չգիտենք, թե նա որտեղ է, միևնույն ժամանակ էլ չենք դադարեցնում մեր բողոքի ակցիան»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Հիշեցնենք՝ Առողջապահության նախարարի հրամանով հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք, իսկ հակացուցումների դեպքում՝ տեղեկանք։ ՊՇՌ թեստը աշխատողն անում է իր հաշվին, իսկ հետազոտությունը պետք է արված լինի առավելագույնը 72 ժամվա ընթացքում։

Քաղաքականություն