«Շիրակ» օդանավակայանը վերաբացվեց. դեպի Եվրոպա ևս չվերթներ կիրականացվեն․ ՀԺ

Գյումրու «Շիրակ» օդանավակայանն այսօրվանից կրկին բաց է ժամանողների ու մեկնողների համար: Հուլիսի 15-ից մեկնարկած պլանային վերանորոգման աշխատանքները՝ վազքուղու ամբողջական նորոգումն ու ժամանման սրահի կառուցումը, ավարտված են: Այս մասին հաղորդում է Հայկական ժամանակը։

 

Այսօր երեկոյան «Պոբեդա» ավիաընկերությունն առաջին չվերթը կիրականացնի: Կարմիր ժապավենը կտրելու և իրականացված աշխատանքներին տեղում ծանոթանալու համար Գյումրի էին ժամանել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության պատասխանատուները:

«Շիրակ» օդանավակայանում իրականացրած ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը՝ ժամանման սրահի կառուցման, իսկ մնացածը՝ վազքուղու նորոգման համար: Ներդրումներն իրականացրել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը:

Ժամանման հին սրահը 400 քմ-ից դարձվել է 870 քմ: Նախկին անհարմարությունները, որոնք ունենում էին ուղևորները, անցյալում են: Այդ հատվածում են տեղակայված անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ ու ուղեբեռի փոխադրման ժապավենը:

Ժամանման նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում 1 չվերթ սպասարկել: Անհրաժեշտության դեպքում՝ նաև ավելին:

Օդանավակայանի վազքուղին ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Այն  վերջին անգամ նորոգվել էր 2007 թվականին: 14 տարում ճաքեր էլ էին առաջացել, լուրջ վնասվածքներ էլ: Այստեղ նաև նոր ջրահեռացման համակարգ է անցկացվել: Աշխատանքն իրականացվել է երեք տարվա երաշխիքային սպասարկման պայմանագրով:

Կարմիր ժապավենը կտրելուց հետո պատասխանատուները շրջեցին օդանավակայանում, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը բառի ուղիղ իմաստով բոլոր անկյուններն ստուգեց:

Ինչի՞ համար է մանրամասն ստուգում փոխվարչապետը, սանհանգույցն անգամ բաց չթողեց: Լրագրողների հարցին Սուրեն Պապիկյանն ուղիղ պատասխանեց՝ շինարարների հետ վերջին շրջանում երկար է աշխատել, բնավորություն է դարձել, ոչ մի տարօրինակ կամ խնդրահարույց բան չկա դրանում:

«Նախկինում եղել եմ այստեղ ու հիշում եմ վիճակը: Կատարված աշխատանքից գոհ եմ: Կարծում եմ, որ Գյումրու օդանավակայանը դառնալու է շատ կարևոր հանգրվան ինչպես զբոսաշրջիկների այցելության համար, այնպես էլ լինելու է Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը»,- վստահությամբ նշեց Պապիկյանը:

Չի բացառվում նաև, որ Գյումրու Շիրակ օդանավակայանից դեպի Եվրոպա չվերթներ իրականացվեն: Ըստ փոխվարչապետի՝ Գյումրու օդանավակայանն այս պահին բոլորի համար ցանկալի օդանավակայան է և՛ իր գնային քաղաքականությամբ, և՛ այլ հանգամանքներով պայմանավորված: Հիմա արդեն պետք է անել ամեն ինչ՝ այն ավելի հետաքրքիր դարձնելու համար:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն էլ ասաց՝ հույս ունի, որ Գյումրու օդանավակայանն ունեցած նախկին ակտիվությունը կպահպանի:

«Մեր ընկերության կողմից օդանավակայանում արվող ներդրումները վկայում են այն մասին, որ մենք տեսնում ենք օդանավակայանի զարգացման ապագան: Օդանավակայանը, անշուշտ, պետք է ունենա իր մրցակցային առավելությունները, և մեր պատկերացրած տեսանկյունից այն պետք է ծառայի որպես մեր երկրի երկրորդային օդանավակայան, ինչպիսն որ է հիմա՝ շեշտը դնելով բյուջետային ավիաընկերությունների ներգրավման վրա»,- նշեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ  գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:

 

Այս պահին բազմաթիվ ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնելու, այդ թվում՝ «Աէրոֆլոտը»: Այս ավիաընկերության ներկայությունը պատասխանատուն նախադեպային է համարում այս օդանավակայանի համար:

«Առաջիկայում կունենանք լավ ցուցանիշներ, քանի որ մենք բանակցում ենք ավիաընկերությունների հետ, առաջարկում՝ և՛ Գյումրու «Շիրակը», և՛ «Զվարթնոցը»: Միակ խնդիրը մեր ոլորտում այն անկանխատեսելիությունն է, որը պայմանավորված է համաճարակային խնդրով: Դա ամբողջ աշխարհում է այդպես»,- ասաց Ավետիսյանը:

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ խոսվում էր «Շիրակը» ռազմական օդանավակայանի վերածելու և ռազմական ինքնաթիռներ ընդունելու մասին: Ըստ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանի՝ այս հարցն ինչ-որ անհասկանալի պատճառներով ուղղակի շահարկվում է:

«Օդանավակայանը եղել է, կա ու շարունակում է մնալ ընդհանուր բազավորման օդանավակայան: Կա Կառավարության համապատասխան որոշում, որը որևէ փոփոխության չի ենթարկվել, և, ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչո՞ւ է այդ թեման շահարկվում»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:

Քաղաքականություն