Ֆրանսիայից ուղարկված AstraZeneca-ի 25000 դեղաչափի առաջին խմբաքանակը Հայաստանում է

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25000 դեղաչափ պարունակող առաջինխմբաքանակն այսօր առավոտյան ստացվել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանի և Հայաստանի առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

 

«ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում: Ֆրանսիան Հայաստանի կողքին է ՝ համաճարակին դիմագրավելու նպատակով: Ֆրանսիան 2020 թվականին կորոնավիրուսի բուժման մեջ մասնագիտացված բժիշկների երեք առաքելություն ուղարկեց,իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ին Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին: Նախագահ Մակրոնն այդ առիթով հայտարարել էր. «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց՝ Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաչափ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»»,- նշված է հաղորդագրության մեջ։