Դուք վախենու՞մ եք Արցախի Հանրապետություն ասել և այդ ձևակերպումը կառավարության ծրագրում ներառելուց․ Խամոյան

Երկար-բարակ փորձեցիք հիմնավորել, որ տեղին չէ Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու այս որոշման նախագիծը։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

«Դուք վախենու՞մ եք Արցախի Հանրապետություն ասել և այդ ձևակերպումը կառավարության ծրագրում ներառելուց, վախենու՞մ եք սեպտեմբերի 2-ին Արցախ գնալուց։ Ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմից հետո ոչ մի անգամ վարչապետն Արցախ չի այցելել։ Խնդիրը միտումն է, որ դուք փորձում եք խուսափել, հրաժարվել Արցախի հարցից»,-նշեց Ագնեսա Խամոյանը։

Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ կարևոր և լուրջ քննարկումը վերածել են սենսացիոն վերնագրերով նյութերի։ Պատգամավորը վստահեցրեց ընդդիմադիր գործընկերոջը, որ Արցախի Հանրապետություն ասելուց չի վախենում.

«Ես ոչ մի բանից չեմ վախենում, բայց ես պատասխանատու եմ նաև ողջ երկրի, այդ թվում Արցախի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգության, ճակատագրի համար։ Հետևաբար ամեն բառ, ամեն առաջարկ, ամեն ինչ պետք է քննարկվի այն սկզբունքով, որ որևիցե մեկին վնաս չպատճառի»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Քաղաքականություն