
Իրանում խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով ցույցեր են. բախումների հետևանքով կա մոտ 10 զոհ

Իրանում խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով հուլիսի 15-ից հարավարևմտյան Խուզեսթան նահանգում մեկնարկած և մինչ օրս երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցող ցույցերը սաստկանում են։ Ինչպես մի շարք իրավապաշտպան կազմակերպություններին հղումով գրում է CNN-ը, իրավապահների և ցուցարարների միջև բախումների ընթացքում զոհերի թիվը կարող է հասնել 10-ի, բազմաթիվ մարդիկ լուրջ վնասվածքներ ունեն։
Ընդ որում, Իրավապաշտպանների լրատվական գործակալության (HRANA) տվյալներով՝ վերջին 10 գիշերների ընթացքում Իրանի 30 քաղաքներում և շրջաններում առնվազն 102 մարդ է ձերբակալվել։ Հարկ է նշել, որ խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով մեկնարկած ցույցերը որոշ շրջաններում նոր երանգ են ստացել՝ վերածվելով կառավարության հրաժարականի և երկրի գերագույն առաջնորդի դեմ ցույցերի։ Նշենք, որ Իրանում երաշտը, որը վերջին կես դարում ամենաաղետաբերն է, անդրադարձել է տնային տնտեսությունների, գյուղատնտեսության, անասնապահության վրա։