
Վայրկյան անգամ չպետք է կասկածել՝ եթե պայմանները բարենպաստ լինեն Ադրբեջանը կդիմի պատերազմի․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
-Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը հայտարարել է, որ «չկա ոչ կարգավիճակ, ոչ Լեռնային Ղարաբաղ»։ Նա շատ «իմաստուն քայլ» է անվանել այն, որ Եվրախորհրդի նախագահՇառլ ՄիշելնԱդրբեջան այցի ժամանակչի օգտագործելոչ կարգավիճակ բառը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը։ Նման հռետորաբանությունն ի՞նչ նպատակ է հետապնդում ըստ Ձեզ։ Ընդ որում ՝ նա շեշտել է, որ այդ հարցում Մոսկվան իր հետ համակարծիք է։
-Ես ավելի քան համոզված եմ, որ սա Ալիևի հերթական հայտարարությունն է, որն իրականության հետ որևէ առնչություն չունի։ Նախևառաջ՝ Արցախը կա, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես կարգավորված չէ։ Այսինքն՝ այն պարզ իրողությունը, որ Արցախը կա, արդեն իսկ ցույց է տալիս, որ այն, ինչ ասում է Ալիևը՝ իրականությանը չի համապատասխանում։
Երկրորդ՝ ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ հարցը կարգավորված չէ։ Նա ասել է, որ պետք են ցավոտ փոխզիջումներ նաև Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ սա ոչ այլ ինչ է, քան ինչ-որ կերպ Արցախի ապագային առնչվող հարցեր։ Այսինքն՝ միակողմանի, էգոիստական, ու ահաբեկչական պահվածքը չի ընդունվում առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։ Եթե այդպես լիներ նրանց դեսպանները կայցելեին Շուշի։ Իսկ այն, որ Ալիևը հայտարարում է, որ չկա ղարաբաղյան խնդիր, մենք պետք է հասկանանք, որ դա իրենց ծրագիրն է։ Իրենց ծրագիրն այն է, որպեսզի ոչնչացնեն Արցախը։ Նա հայտարարել է իր տեսլականը ՝ ասելով, որ Արցախում ապրում է 25․000 հայ։ Սա նույնպես իրականությանը չի համապատասխանում, բայց սա այն թվաքանակն է, որն իրենք մաքսիմում ուզում են թողնել Արցախում՝ որպես ռեզերվացիա, համակենտրոնացման ճամբար։ Ուրիշ քանակություն նրանք չեն ընդունելու։ Այդ մարդիկ լինելու են պատանդ, լինելու է մի գազանանոց, որտեղ մնալու են հայերը։ Այսինքն՝ երիտթուրքերի կարգախոսը, որ մեկ հայ պետք է մնա, այն էլ գազանանոցում կամ թանգարանում՝ նույնն է։ Սա պարզ է։ Ինչպես միշտ Ալիևը իրեն ներկայացնում է որպես ամենաազնիվ թշնամի, չի թաքցնում իր նպատակները։
-Ձեր կարծիքով Մոսկվան իսկապե՞ս իր հետ համաձայն չէ, Ալիևը Ռուսաստանի անունից ստու՞մ է։
-Չի կարող պաշտպանել Մոսկվան իր դիրքորոշումը։ Այստեղ Ադրբեջանի կազմում հայ չի մնալու։ Բոլորը դուրս են գալու։ Մի քանի տարբերակ կա՝ Ադրբեջանի հետ պատերազմ, կոտորած կամ ընդհանրապես ազգովի դուրս գալ։ Բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի կազմում մենք ապագա չունենք։ Հասկացանք, որ ինչ-որ մեկին կարող են գնել։ Կա՞ն չէ այդպիսի դավաճաններ, որ փախան Բաքու։ Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, մեկ-երկուսը, որ կարող են փորի համար, գաղաՓՈՐախոսության սկզբունքով ինչ-որ բան անել։ Այստեղ ապագա չի լինելու։ Մենք ապագա չունենք Ադրբեջանի կազմում ու դա շատ լավ հասկանում են թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Ֆրանսիայում։
-Իսկ Ալիևի սուր հռետորաբանությունը, Զանգեզուրում հաստատվելու մասին հայտարարությունները ի՞նչ նպատակ ունեն։ Սպասվո՞ւմ են նոր ռազմական գործողություններ։
-Ալիևը պաշտոնապես հիմնադրել է Հայաստանի դեմ Զանգեզուրի աշխարհաքաղաքական ճակատը։ Այս ծրագիրը արդեն մեկնարկել է։ Պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել ու մտածել, որ դա այդպես չէ։ Նրանք ստեղծել են Արևելյան Զանգեզուրյան տնտեսական շրջան։ Երբեք նման բան չի եղել։ Մյուս քայլը լինելու է վարչատարածքային միավորման ստեղծումը։ Հենց որ ինքը ստեղծել այդ շրջանը, մենք ասացինք, որ հաջորդ քայլը Արևմտյան Զանգեզուրը շրջանառության մեջ դնելն է լինելու։ Այդպես էլ եղավ։ Երկու օր հետո նա ասաց, որ արևմտյան Զանգեզուրը պետք է ազատագրվի, իսկ Արևելյան Զանգեզուրի մեջ մտցվեց Քարվաճառը, որը պատմականորեն երբեք Զանգեզուր չի եղել, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի հարավային մասը, նախկին Ջաբրայիլը, որը երբեք Զանգեզուր չի եղել։ Ինչ է նա այդպես անում, որպեսզի տարածքը մեծանա։ Եթե զուգահեռ գիծը քաշեք՝ ստացվում է, որ ամբողջ Գեղարքունիքի շրջանի հարավային մասը, Վայոց Ձորը, բոլորը Արևմտյան Զանգեզուր է։ Ուշ թե շուտ, նա դիմելու է արկածախնդրության։ Մեկ վայրկյան անգամ չպետք է կասկածել, որ եթե պայմանները բարենպաստ լինեն՝ կդիմի պատերազմի։