
«Ինչ–որ աղացած միս են կերել». Արմավիրում ութ մարդ թունավորվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Չորս հոգուց բաղկացած ընտանիք սննդային թունավորմամբ երեկ գիշեր տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին կենտրոնից։
«Անհրաժեշտ բուժօգնություն ենք ցուցաբերել, տուն ենք ուղարկել։ Սննդային թունավորման պատճառն այն էր, որ ինչ–որ աղացած միս էին կերել», – ասացին բժշկական կենտրոնից։
Նշենք, որ թունավորվածները բոլորը չափահաս մարդիկ են, նրանց մեջ երեխաներ չկան։
Shamshyan.com-ի տեղեկություններով`ընտանիքի անդամները աշխատում են Արմավիրում գործող «Հիսուսի մանուկներ» բժշկական կենտրոնում։ Կայքը հայտնում է, որ բացի այս չորս հոգուց՝ սննդային թունավորում են ստացել «Հիսուսի մանուկների» ևս չորս աշխատակից։ Ըստ կայքի` նրանք ընդմիջման ժամին տեղի սննդի կետերից մեկից պատվիրված քաբաբ են կերել։
Նշենք, որ առողջապահության նախարարությունը պարբերաբար տարածում է հաղորդագրություններ` նշելով, որ ամռան ամիսներին սննդամթերքի բացօթյա ոչ ճիշտ պատրաստմամբ և հակասանիտարական պայմաններում վաճառքի հետ կապված ավելանում են աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների դեպքերը։