ԲԴԽ նախկին նախագահը դատի է տվել ԲԴԽ–ին

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: Տեղեկությունը նշված է Datalex դատական-տեղեկատվական համակարգում։ Ըստ հրապարակված տեղեկատվության՝ Ռուբեն Վարդազարյանը պահանջում է, որ իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի (նախագահի) լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչվի։

Նշենք, որ հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերականգնել է։

«Նշված դատական ակտի հիման վրա Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ-ին դիմում է ներկայացրել՝ ակնկալելով իր լիազորությունների կասեցման մասին որոշման վերանայում: Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ»,–նշված է հաղորդագրության մեջ։

 

Նշվում է նաև, որ ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին մինչև նրա լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:

Քաղաքականություն