10 տարվա մեր պայքարը հաջողությամբ պսակվեց, ամեն մի նման գործով պատժելու ենք Ադրբեջանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ 

«ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո։ 

Շուրջ 10 տարվա մեր պայքարը հաջողությամբ պսակվեց: Ամեն մի նման գործով պատժելու ենք Ադրբեջանին: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է ՀՀ քաղաքացի Արթուր Բադալյանին, ով մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: 

Հիշեցնում եմ, որ գործը ՄԻԵԴ է ներկայացվել իմ կողմից որպես Արթուր Բադալյանի փաստաբան դեռևս 2011 թվականին իմ գլխավորած «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան ՀԿ կազմակերպության միջոցով: 

Նշված գործով Արթուր Բադալյանին շարունակել է ՄԻԵԴ-ում ներկայացնել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ի փաստաբան Տաթևիկ Մատինյանը»: