Ակունք համայնքում կվերակառուցվի ոռոգման ջրատարը և կոյուղու ցանցը. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի Բարեկամություն փողոցում կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կվերակառուցվի ոռոգման ջրատարը և կոյուղու ցանցը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը` հավելելով, որ ծրագիրը հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

 

Նա, ի դեպ, թեթև հումորային մեկնաբանությամբ է լուրը վերնագրել.«Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից»։

 

«Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 19 միլիոն 765 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 847 հազար դրամը հատկացնում է կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 917 հազար դրամը՝ Ակունքի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի կառուցում 500 մետր երկարությամբ, երկաթե կիսախողովակներով և ևս նույնքան երկարության կոյուղու ցանցի վերակառուցում պոլիէթիլենային խողովակներով»,–հայտնում է Սանոսյանը։
 

Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կկարգավորվեն ոռոգման ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրները Բարեկամություն փողոցում։
 

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում։