Տիգրան Ավինյանը անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին

Սահմանային լարվածություն կա, և դա ստեղծում է Ադրբեջանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին, այսպիսի հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ 

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնել են սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:  

«Ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություն ստեղծում սահմանին։ Շատ կարևոր է, որ մենք ինքներս հասկանաք, ընդունենք, ինչպես նաև համոզենք մեր միջազգային գործընկերներին։ Սահմանային նմանատիպ լարվածություններին պետք է տալ սիմետրիկ պատասխաններ` հնարավորինս զսպված։ Բայց և հասկանալ, որ սահմանային անվտանգությունը մեր զինված ուժերի, մեր սահմանային զորքերի պարտականությունն է, և մեր պարտականությունն է դա ապահովել»,– ասաց նա։ 
Խոսելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հնարավորության մասին` Ավինյանը շեշտեց, որ դա վաղ թե ուշ պետք է տեղի ունենա, ընդ որում, բոլոր հարևանների հետ։ 
«Բայց, այսպես ասած, շատ կոպիտ խախտելով մեր սահմանը և տեղակայվելով մեր սահմանի ներսում ու շանտաժի մեթոդով փորձել մղել մեզ ինչ–որ գործողությունների` դա անարդյունավետ ճանապարհ է, որևէ արդյունք չի կարող տալ։ Այսինքն` շանտաժի մեթոդը ՀՀ իշխանությւնների ու ՀՀ ժողովրդի համար ընդունելի լինել չի կարող։ Այո՛, անպայման պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի` ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»,– ասաց Ավինյանը` հավելելով, որ Հայաստանը կանի ամեն ինչ, որ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ 
Նրա դիտարկմամբ` Ադրբեջանի կողմից ստեղծված արհեստական խնդիրների լուծումից հետո միայն հայկական կողմը կխոսի ֆունդամենտալ հարցերի մասին։ 
Առաջնահերթությունների շարքում փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց նաև Արցախի կարգավիճակի հարցը` ընդգծելով, որ քանի դեռ այդ հարցը վերջնականապես լուծված չէ, ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունները վերսկսված չեն, այլ լուծումների ու մոտեցումների մասին դժվար կլինի խոսել։