
Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ երեկ՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով Աբովյան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Իվան Դ-ն մահացել էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խմբի ղեկավար է նշանակվել նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, նշված վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ՝ թվում, դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական, ինչից հետո պարզ կլինի՝ քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվում քրեական գործ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել էր ձորակում: